8-ամյա աղջնակը՝ միջուկային ֆիզիկայի մրցանակակիր

8 տարեկան այս աղջնակի օրինակը հաստատում է՝ կանայք կարող են կյանքի բոլոր բնագավառներում հաջողությունների հասնել, բայց երբեք չանտեսել ընտանեկան կենցաղի, մաքրության, հարմարավետության գործում իրենց դերի կարևորությունը: Մարտի 8-ը հենց այսպիսի աղջիկների ու կանանց տոնն է, ու հենց նրանք են, որ գեղեցկացնում են այս տոնի խորհուրդը:
 
Ամբողջ օրը համակարգչի դիմաց նստելու փոխարեն ութամյա այս մեքսիկուհին զբաղվում է սարքեր հավաքելով, որի համար արդեն հասցրել է հեղինակավոր մրցանակ ստանալ: Ամենասովորական նյութերից հավաքած և տան տանիքին տեղադրած ջրատաքացուցչի համար Սոչիթլ Գվադելուպե Կրուս Լոպեսին է շնորհվել Մեքսիկայի խոշորագույն բուհի՝ Ազգային ինքնավար համալսարանի միջուկային ֆիզիկայի ֆակուլտետի մրցանակը:
 
- Դպրոցականը դարձել է երբևէ այսքան հեղինակավոր պարգև ստացած ամնաերիտասարդ գյուտարարը,- հաղորդել է El Pais լրատվամիջոցը:
 
Ութամյա աղջնակը մտահղացել և իր հայրիկի օգնությամբ պատրաստել է ջուր տաքացնող սարք, որն աշխատում է արևի էներգիայով: Սարքը հավաքելիս ոչ մի հատուկ նյութ չի օգտագործվել, այլ միայն ձեռքի տակ եղածները՝ փայտե շրջանակներ, պլաստիկե շշեր, սառնարանի ապակե փեղկեր, խողովակ: 
 
Իրենց տան տանիքին արևից լիցքավորվելով՝ սարքը մեկ օրվա ընթացքում 10 լիտր ջուր է տաքացնում: Թվում է՝ այնքան էլ շատ չէ, սակայն փոքրիկ աղջկա համար միանգամայն բավարար է: Գվադելուպեն (քանի որ Սոչիթլ անունը Մեքսիկայում տարածված է, փոքրիկ մեքսիկուհուն կոչենք նրա լրիվ անվան երկրորդ բաղադրիչով), սակայն, միայն իր մասին չէ, որ մտածում է. նա մտադիր է այդպիսի ևս մեկ սարք հավաքել, բայց արդեն ավելի մեծ չափսերի:  
 
Կարևոր մի տեղեկություն ևս՝ Գվադելուպեի պատրաստած սարքի ինքնարժեքը 200 պեսոյից ավելի չէ (հայկական արժույթով սա 5000 դրամի կարգի գումար է կազմում):    Տարիքին անհամապատասխան հոգծությամբ՝ աղջկը հայտարարում է.
 
- Իմ գյուտը հասանելի է ամեն չափսի եկամուտ ունեցող մարդկանց:  
 
Այսօր տանիքներին տեղադրվող սարքերով տաք ջուր ու ջեռուցում ապահովելը, իհարկե, ոչ մեկին չի զարմացնում: Միայն թե դրանք բոլորն էլ, ըստ էության, բարդ ու ծախսատար են: Իսկ ահա փոքրիկ Գվադելուպեի սարքից կարող են օգտվել անգամ նրանք, ում համար օրական մեկ դույլ տաք ջուրն ուղղակի երազանք է: 
 
Պստիկ մեքսիկուհուն շնորհված պարգևը, իհարկե, նրա համար մեծագույն խրախուսանք է, որպեսզի շարունակի զարգացնել գիտելիքներն ու ընդունակությունները և մի օր էլ գուցե միջուկային ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հավակնի: