Կիմ Չեն Ընը պատրաստ է նպաստել հայրենիքի միավորմանը

ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱԼՈՑԸ

Ձմեռային օլիմպիական խաղերի բերած ջերմությունը շարունակում է ներգործել երկու Կորեաների հարաբերությունների վրա: Դրանց ավարտից գրեթե 10 օր անց թերակղզու հյուսիսային հատվածում, պայմանավորվածության համաձայն, ընդունել են Հարավային Կորեայի պատվիրակությանը՝ կազմված 10 գործչից:
 
Նրանց թվում են եղել ազգային հետախուզության տնօրենը, անվտանգության գծով խորհրդականներ և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Նրանց ընդունել է ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը, ում հարավցի բանագնացները հանձնել են իրենց նախագահ Մուն Չժե Ինի անձնական նամակը:
 
Բանակցությունների ժամանակ («Ռոսիյա-24»-ի փոխանցմամբ) քննարկվել են երկկողմ հարաբերությունների բարելավմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջկորեական գագաթնաժողով հրավիրելու հեռանկարը:  
 
ԿԺԴՀ նախագահը Հարավային Կորեայի հատուկ պատվիրակությանն ասել է, թե ինքը պատրաստ է սկիզբ դնելու «հայրենիքի միավորման նոր պատմությանը»:  Հարավկորեական Կենտրանական հեռագրական գործակալությունը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկություն է հայտնել մեղմել Կորեական թերակղզում տիրող լարվածությունը: Հանուն դրա նա անգամ պատրաստ է հանդիպել նախագահ Մուն Չժե Ընի հետ: 
 
Հանուն հայրենիքի միավորման ինչեր միայն չի անի հայրենասեր մարդը, երբ գիտի, որ դա մեծապես նաև իրենից է կախված: Հայրենասիրությո՞ւնն է Կիմ Չեն Ընին մղել, թե՞ մեկ այլ դրդապատճառ է եղել, սակայն նա անգամ պատրաստակամություն է հայտնել իր երկրի ապամիջուկայնացման վերաբերյալ բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ՝ դրանց ընթացքում կասեցնելով  միջուկային ու հրթիռային բոլոր փորձարկումները: Այս ավետիսն աշխարհին հաղորդել է Հարավային Կորեայի պատվիրակության ղեկավար Չուն Յույ Յոնգը:
 
- Հյուսիսային Կորեան հստակ հայտարարել է, որ այնտեղ պատրաստակամ են Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: Եթե հյուսիսի դեմ ռազմական սպառնալիք չլինի, այնտեղ միջուկային ծրագրի զարգացման համար հիմքեր չեն լինի,- հայտարարել է Յոնգը: 
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սրան արձագանքել է՝ «Թուիթերի» իր էջում  թերահավատ գրառմամբ. 
 
- Տեսնենք ի՞նչ կլինի: 
 
Իրոք, դժվար է կանխագուշակել, թե դեպքերն այնուհետև ինչ ընթացք կստանան, սակայն Կորեական թերակղզում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները հույս են ներշնչում, թե քաղաքական և ռազմական գործիչները դեռևս ողջամտության պաշար ունեն, ինչը և ի զորու է կանխել մարդկությանն սպառնացող վատթարագույն աղետները: