Իրաքյան քրդերի անկախության հանրաքվեն՝ մոտ ապագայում

Ո՞Ր ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԴԱՌՆԱՆ ՔՐԴԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Մերձավորարևելյան տարածաշրջանում ցրված և երբևէ պետություն չունեցած քոչվոր քրդերը քսանմեկրորդ դարում այնքան են հասունացել, որ պետություն ունենալը դարձրել են ոչ միայն երազանք, այլև գործողությունների ծրագիր: Տարածաշրջանում շահեր ունեցող մեծ պետություններն էլ, անշուշտ, դա խաղաքարտ են դարձրել և փորձում են սեփական շահերին ծառայեցնել: Հիշեցնենք, որ 38 մլնի հասնող քրդերը հիմնականում իսլամի սուննիական թևի հետևորդներ են և խոսում են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող քրդերենով:
 
Այս օրերին Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի գլխավորությամբ կայացել է հատուկ ժողով, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են մինչև այս տարվա վերջը անկախության հարցով հանրաքվե կազմակերպել: Բարզանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ էր հայտարարել, որ Իրաքի քրդերը մոտ ապագայում կարող են անկախության հանրաքվե անցկացնել: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին Բարզանիի հայտարարությանը պատասխանել է, թե նման բաժանման համար քրդերն այնքան էլ բարենպաստ տարածաշրջանում չեն ապրում: 
 
- Մի՞թե այդ անկախությունը լուծում է տալու ձեր առջև ծառացած խնդիրներին: Հարկավոր է նախ և առաջ աչքի առաջ պահել քուրդ ժողովրդի շահերը,-ասել է վարչապետ Ալ Աբադին:
 
Իրաքում գուցեև այնքան քրդաբնակ հոծ բնակավայրեր կան, որոնք որևէ ազգի հայրենիքը չեն և կարող են այսօր նոր հայրենիք դառնալ քրդերի համար: Սակայն հարցն այն է, որ անկախության են ձգտում նաև այն քրդերը, որոնք Օսմանյան կայսրության շնորհիվ բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանում: Արևելյան Հայաստանում նույնպես, մենք հո լավ ենք հիշում, նրանք ապրում էին մինչև Խորհրդային Միության փլուզումը, և միայն քսանհինգ տարի առաջ այստեղից հեռացան: Դեռ հեռատես ԽՍՀՄ-ն այնքան խորամանկություն էր ունեցել, որ Լաչինում մի փոքրիկ քրդական ինքնավարություն էր հիմնել՝ որպեսզի այդպիսով իրարից անջրպետի Հայաստանն ու Արցախը:  
 
Թուրքիայի առջև այսօր ծառացած խնդիրներից է այնտեղի քրդերի ինքնիշխանության ձգտումը, որին Արևմուտքն ամեն կերպ աջակցում է: Համենայնդեպս՝ այդ մասին բարձրաձայնում են, նույնիսկ որոշակի քարտեզներ են մեջտեղ գալիս, որոնցում քրդերին է նվիրաբերվում Արևմնտյան Հայաստանի տարածքների հիմնական մասը: Քրդերը, որոնք մեկ հարյուրամյակ առաջ ընդամենը հայասպանության կացին էին ցեղասպան Թուրքիայի ձեռքին, այսօր պայքարում են ոճրագործության տարածքները իրենց համար որպես պետություն ամրագրելու նպատակով: 
 
Քուրդիստան պետություն, շատ հավանական է, աշխարհի քարտեզի վրա մի օր կերևա: Հարցն այն է, թե մենք ինչ գործունեություն պետք է տանենք, որպեսզի այդ պետության մեջ Արևմտյան Հայաստանից ոչ մի թիզ հող չմտնի: Այս պարագայում մեզ թերևս ավելի ձեռնտու է, որ այդ տարածքներն առայժմ Թուրքիայի կազմում մնան, քան թե միջազգային նոր իրավական կարգավիճակ ստանալով՝ մեր գործն ավելի դժվարացնեն: