Բուրջանաձեն զգուշացնում է ու հավակնում նախագահ դառնալ

Վրաստանի հայտնի քաղաքական գործիչ Նինո Բուրջանաձեն, որ «վարդերի հեղափոխության» հերոսներից է ու դրա ալիքներին հասել էր խորհրդարանի ղեկավարի պաշտոնին, մտադիր է 2018թ. աշնանը առաջադրվել որպես իր երկրի նախագահի թեկնածու:
 
Ուշագրավ է, որ նախորդ երկու ընտրաշրջաններում նրա «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը խորհրդարանում տեղեր չի ստացել:
 
Տիկին Բուրջանաձեն երեկ, ինչպես ասում են՝ սառը ջուր է լցրել ամբողջ ուժով դեպի Հյուսիսատլանտյան դաշինք ձգտելու «վրացական երազանքի» վրա: Նա իր հայրենակիցների հիշողությունը թարմացրել է որոշ իրողություններով, որոնք այնտեղ կարծես թե փորձում են ուղղակի անտեսել:  
 
- ՆԱՏՕ-ն երբեք չի ընդունի մի երկրի, որի տարածքում երկու չլուծված հակամարտություն է առկա, դա պարզ ու աներկբա հասկանում են բոլորը,- Բուրջանաձեի խոսքերն է փոխանցել ռուսական «ՌԻԱ նովոստին»: 
 
Խորհրդային իշխանությունների շնորհիվ իր տարածքն ընդարձակած Վրաստանի հայրենասերներին էլ «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության հիմնադիրն զգուշացրել է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսելը վտանգավոր է հենց միայն այն պատճառով, որ դա նշանակում է հրաժարվել Աբխազիայից և Հարավային Օսիայից. ասել է թե «միասնական Վրաստանի» գաղափարից:
 
- Վրացական բանակը մարզելու նպատակով կարելի էր, ասենք, տարատեսակ վարժանքներ անցկացնել, սակայն այնպիսի զորավարժությունները, որոնք բացահայտորեն հրահրում են Ռուսաստանին , ուղղակի վնասարարություն է: Երբ դու Անկախության օրվա առթիվ շքերթ ես սկսում աﬔրիկյան նվագախմբով և աﬔրիկյան երաժշտությամբ, դա անկախությա՞ն ցուցանիշ է, թե ցուցանիշն այն բանի, որ դու քեզ Աﬔրիկայի ինչ-որ նահանգ ես համարում,- իր տեսակետն է արտահայտել Նինո Բուրջանաձեն: 
 
Ամբողջ հոգով ու «մարմնով» դեպի Արևմուտք ձգտող և կայծակնային արագությամբ թուրք-ադրբեջանական երանգներով պճնվող Վրաստանում շատ շահեր են բախվում, և դրանց կիզակետում չայրվել-չմոխրանալու համար այնտեղ, իրոք, սկզբունքային, ազգանվեր ու իմաստուն առաջնորդ է հարկավոր՝ լինի Բուրջանաձեն, թե մեկ ուրիշը: Դրանից կշահենք նաև մենք՝ ձեռք բերելով շատ թե քիչ հուսալի հարևան, ինչը լիաբերան չենք կարող ասել այսօրվա Վրաստանի մասին: