«Առևտրային պատերազմի» ուրվականը

Անցած շաբաթավերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած առևտրային բնույթի հայտարարությունները կարծես իրար են խառնել Եվրոպան: Արդեն խոսվում է  Ատլանտյան օվկիանոսի հակառակ կողմերում գտնվող երկրների միջև սպասվող առևտրային պատերազմի հեռանկարից: ԱՄՆ նախագահն առայժմ ընդամենը երկու բանագավառի մասին է խոսել:
 
Նախ, նա «Թուիթերի» իր էջում խոստացել է հարկեր սահմանել Եվրոպայից ավտոմեքենաների ներկրման համար՝ եթե Եվրամիությունը շարունակի ամերիկյան ընկերությունների հետ գործ ունենալիս բարձրացնել դրույքաչափերը: Այնուհետև հայտարարել է, թե իր երկիրը մաքսատուրքեր է սահմանում դրսից ներմուծվող պողպատի և ալյումինումի համար. առաջինի դեպքում՝ 25%, երկրորդի՝ 10%:
 
Գերմանիայից սրան արձագանքել է կառավարության հատուկ ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: Մարտի 5-ին Բեռլինում կայացած ճեպազրույցի ժամանակ նա ասել է, թե Գերմանիան շարունակում է հանդես գալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև ազատ շուկայական և արդյունավետ տնտեսական հարաբերությունների օգտին, իսկ առևտրային պատերազմը չի կարող բխել որևէ մեկի շահերից: 
 
- Ես չեմ ցանկանում գնահատական տալ՝ մո՞տ ենք արդյոք մենք առևտրային պատերազմին, թե՞ հակառակը՝ հեռու ենք: Կարող եմ միայն ասել, որ նման պատերազմը չի բխում ո՛չ Գերմանիայի, ո՛չ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի շահերից: Մենք դրանում համոզված ենք: Դա Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում էլ ցավագին կհարվածի գործատուներին, աշխատողներին և սպառողներին,-մատնանշել է գերմանացի գործիչը: 
 
Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղղակի հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը իսկապես մաքսատուրքեր սահմանի մետաղների համար՝ ԵՄ-ն պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Մակրոնը Թրամփի այս մտադրությունը «տնտեսական ազգայնականություն» է որակել և նշել է, թե ազգայնականությունը պատերազմ է, որտեղ տանուլ տվողը բոլոր կողմերն են լինում: 
 
- Այս համատեքստում կարևոր է, որ Եվրամիությունը ԱՀԿ-ի շրջանակներում արագ ու համաչափ արձագանքի, - ասել է Ֆրանսիայի նախագահը: 
 
Երևում է՝ Թրամփը որոշել է Եվրոպային պատժել երևի այն պատճառով, որ արդեն «ուռա» կանչելով հավանություն չի տալիս ԱՄՆ-ի նախաձեռնած յուրաքանչյուր գործողության: Մարդիկ կան, որոնց համար միակ սկզբունքն է՝ ամեն ինչ կամ ոչինչ: Բայց քանի որ «ամեն ինչ» հասկացությունը չափազանց անորոշ է ու անընդգրկելի, նմաններին բաժին է հասնում «ոչինչը»: Ճիշտ է՝ հնարավոր է, որ ոչինչ չմնա նաև նրանց, ումից նրանք ուզում են ամեն ինչ խլել:
 
Տվյալ դեպքում դա կնշանակի մեր քաղաքակրթության ավարտը, որից հետո, թերևս, Երկրի վրա երկարատև խավարը կիշխի: Մնում է հուսալ, որ «վերևներում» մեր մոլորակի համար մեկ այլ սցենար է շարադրվում: