Ամեն երկիր պետք է գտնի զարգացման իր ճանապարհը

Վերջին տարիների իր տնտեսական վերելքով աշխարհին զարմացրած Չինաստանում սահմանադրական փոփոխություններ են նախատեսվում, որոնք այդ երկրի խորհրդարանում պետք է քննարկում անցնեն այսօր`մարտի 5-ին սկսվող 15-օրյա նստաշրջանում:

Դրանցից գլխավորը ՉԺՀ նախագահի պաշտոնավարման սահմանափակումների վերացումն է: Եթե նախկինում նախագահը չէր կարող երկու հնգամյա ժամկետից ավելի անընդմեջ պաշտոնավարել, նախաձեռնված փոփոխություններով այս սահմանափակումը վերանում է:

Բնականաբար՝ Չինաստանի հզորացումով մտահոգված գերտերությունները նրան քննադատելու առիթը բաց չէին թողնի: Չէ՞ որ ժողովրդավարության դրոշի ներքո բոլոր պետություններին նույն կարգը թելադրող կառույցների համար դա նշանակում է հեռացում ժողովրդավարությունից: Եվ ԱՄն նախագահ Թրամփը կարծես որոշել է ծաղրել Չինաստանի այդ նախաձեռնությունը: CNN-ի հեռուստաեթերում նա ասել է.

- Այժմ նա (նկատի ունի ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինին) ցմահ նախագահ է: Ո՛չ, նա հիանալի է… Գուցե մենք էլ դա երբևէ փորձենք:

Չինաստանը քննադատողներին պատասխանել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (սա Չինաստանի խորհրդարանի ամբողջական անվանումն է) նոր պաշտոնական ներկայացուցիչ Չժան Եսույը՝ երկրի նախկին փոխարտգործնախարարը: Նա ասել է, որ ՉԺՀ-ում մտադիր չեն պետության իրենց նմուշը որևէ երկրի վզին փաթաթել:   

- Եթե ինչ-ինչ երկրների հետաքրքրի չինական փորձի ուսումնասիրությունը, մենք, անկասկած, պատրաստ ենք նրանց հետ քննարկել համապատասխան հարցերը, սակայն ոչ մեկի հարկադրել մտադիր չենք,- ասել է նա:

Մեկնաբանելով հայտարարությունները, թե կա կարծիք,  որ ուրիշներին իր զարգացման օրինակը հարկադրելով՝ Չինաստանը ձգտում է փոխել գոյություն ունեցաղ աշխարհակարգը և միջազգային ասպարեզում գործող կանոնները,  Չժան Եսույը ընդգծել է, որ ամեն երկիր պետք է գտնի զարգացման իր ճանապարհը, իսկ այն պայմանավորված է տվյալ պետության իրողություններով: Նա նաև շեշտել է, որ պետությունների միասնական, հանընդհանուր նմուշ գոյություն չունի:

- Բոլորին օգտակար արդյունքների հասնելու համար Չինաստանը կողմնակից է խաղաղ զարգացման ուղուն և բաց գործելու ռազմավարությանը՝ այլ երկրների հետ շփումներ հաստատելով հանուն բարեկամության և համագործակցության,- նշել է  Չժան Եսույը:

Մինչև մարտի 20-ը նախատեսված իր նստաշրջանում Չինաստանի նորընտիր խորհրդարանը վճռելու է այլ կարևոր հարցեր ևս: Մասնավորապես, ընտրվելու են ՉԺՀ նախագահն ու փոխնախագահը, նաև` վարչապետը, ձևավորվելու է նոր կառավարությունը:

Իսկ գուցե չինական տնտեսական հրաշքի բանաձևը հենց սա է՝ չկա պետությունների միասնական, հանընդհանուր նմուշ, և ամեն երկիր պետք է գտնի զարգացման իր ճանապարհը: