Ելույթ էլ կա, ելույթ էլ

Պետությունների ղեկավարներն իրենց գլխավորած կուսակցությունների համաժողովներում երբեմն դարակազմիկ հայտարարություններ են անում և մատնանշում աշխարհին սպառնացող իրական վտանգները:
 
Կարելի է պնդել, որ անգամ «Նոր Ադրբեջան» կուսակցության համաժողովում Իլհամ Ալիևի հայտնի զառանցանքը նույնպես ազդանշան էր մի վտանգի, որն սպառնում է ջնջել ազգերի, հայրենիքների, քաղաքակրթությունների, մշակույթների, կրոնների, պատմության բոլոր սահմանները և միակ գերական դարձնել կոպիտ ուժով տիրացածն օրինական հայտարարելը:
 
Նրա խոսքի բովանդակությունն, իրոք, զառանցական էր, սակայն կասկածից վեր է, որ դրա հասցեատերերս պետք է ամենայն լրջությամբ ընդունենք ու հակադարձենք: Չէ՞ որ նման զառանցանքները մեր օրերում արյան գետերի հորդացումներ են դառնում: 
 
Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համագումարում Եվրոպայի ապագայի մասին էլ դատողություններ է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մեկը, սակայն, ոչ թե հարևաններին ոչնչացնելու սպառնալիքով նրանց հողերին տիրելու խոստում է, այլ աշխարհի վերափոխման պայմաններում Եվրոպայի ճակատագրի համար իրական մտահոգություն: Աշխարհում ազդեցությունների և աճի նոր կենտրոններ են առաջանում, որի հարկադրանքով Եվրոպան պետք է ուժեղանա և իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինի:
 
- Փորձված գործընկերությունը վտանգվում է, տասնամյակներով ստեղծված աշխարհակարգը փլվում է, և ի հայտ են գալիս զարգացման ու ազդեցության նոր կենտրոններ: Պարզամտություն և անպատասխանատվություն է կարծել, թե դա ոչ ﬕ կերպ Եվրոպային չի վերաբերում: Մենք, սակայն, պետք է ինքներս որոշենք՝ ում ձեռքում է Գերմանիայի ու Եվրոպայի ճակատագիրը՝ ﬔ՞ր, թե՞ ﬔկ ուրիշի: Մեր ճակատագիրը ինքներս պետք է վճռենք՝ նախքան դա կանեն ուրիշները,- Մերկելի խոսքերն է փոխանցել ՏԱՍՍ-ը:
 
Թերևս կարելի է ասել, թե Եվրոպան այնքան է հասունացել, որ արդեն խոսում է սեփական ճակատագիրը վճռելու անհրաժեշտության մասին: Այլապես ոչ այնքան վաղուց եվրոպական խոշոր ու հզոր պետություններն այնպես էին արձագանքում ԱՄՆ-ի ցանկացած նախաձեռնությանն ու հայտարարությանը, ասես նրա վասալները լինեին:  
 
Հզոր Գերմանիայի առաջնորդը գոնե առերես, խոսում է պատասխանատվության մասին, իսկ մեր առանցքային տարածաշրջանում վերջերս բուսած պետության «տիրակալը» անպատասխանատու հայտարարություններ է անում: Պետությունները տարբեր են, նրանց առաջնորդների հայտարարությունները՝ նույնպես: Ցավալին այն է, որ հայտարարություններ կան՝ աշխարհի բախտն են վճռում: Մանավանդ՝ եթե այդ հայտարարությունները ապավինում են մերօրյա գերհզոր զենքերի ու ապատեղեկատվական հնարավորությունների ուժին: