Չեխիան՝ ահաբեկիչներին սատարող, Թուրքիան՝ անզիջում պայքարող

Թուրքիան դարձյալ հնարավորություն է ստացել միջազգային ահաբեկչության դեմ պայքարողի դրաշակ ծածանել և այլոց մեղադրել այդ ահավոր երևույթին աջակցելու համար: Թեև ո՞վ չգիտի, որ ահաբեկիչների համար Թուրքիան հարազատ տուն է: Միջազգային հանրության աչքին, սակայն, այս երկիրը այդ հարցում մաքուր է: Ինչպես ասում են՝ բռնված չէ, գող չէ: Եվ ուրեմն կարող է ամենաբարձրը գոռալ՝ բռնեցեք գողին:
 
Իսկ այս անգամվա «մեղավորը» Չեխիան է, որտեղ փետրվարի 28-ին ազատ են արձակել քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին համանախագահ Սալեհ Մուսլիմին: Այս կուսակցությունը Անկարան համարում է Քրդական աշխատավորական կուսակցության ճյուղավորումներից մեկը, իսկ ՔԱԿ-ը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել թե՛ Թուրքիայում, թե՛ Եվրամիությունում:
 
Պրահայի քաղաքային դատարանի այս վճիռի հրապարակումից հետո Թուրքիայի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչները Չեխիային մեղադրել են միջազգային ահաբեկչությանը սատարելու համար: 
 Չեխիայի Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով կտրականապես ժխտել է Թուրքիայի մեղադրանքը: 
 
- Չեխիան սկզբունքորեն մերժում է միջազգային ահաբեկչությանը սատարելու ցանկացած մեղադրանք: Պրահայի քաղաքային դատարանի որոշումը չի խախտում հանրապետության միջազգային պարտավորությունները,- նշված է հայտարարության մեջ: 
 
Ընդ որում, Չեխիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ Սալեհ Մուսլիմին ազատազրկելուց դատարանի հրաժարվելը չի նշանակում իրավաբանական գործընթացի դադարեցում՝ կապված նրա հնարավոր արտահանձնմանը Թուրքիային, ինչը պնդում է Անկարան: Եթե Թուրքիան Մուսլիմի արտահանձնման պահանջ ներկայացնի, դրանով կզբաղվեն չեխական իրավասու մարմինները՝ ելնելով գործող օրենսդրությունից:
 
- Չեխիայի ԱԳՆ-ն վճռականորեն ժխտում է պնդումները, թե անկախ դատարանի այսօրվա վճիռը հակասում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մեր հանրապետության պարտավորություններին,- ասվում է հայտարարության մեջ:
 
Մինչ այս կարգի տեղեկություններ էին տարածվում, Չեխիան իր տարածքում ձերբակալված քուրդ գործչի դիմաց Անկարայից պահանջեց այնտեղ ձերբակալված երկու չեխերի արտահանձնումը: Բայց Անկարան, որ միշտ ձգտում է ամեն ինչ ստանալ՝ ոչինչ չտալով, դա անգամ չի քննարկել: Ու հիմա սպառնում է վատացնել հարաբերությունները Չեխիայի հետ: Սպառնալիք, որն ամեն անգամ հնչեցնում է նաև Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրների հասցեին, սակայն հենց որ նրանք իրեն հարկավոր են լինում, մոռացության է տալիս առանց բարդույթների: