Փհենյանի մեկնած ձեռքը տեսնել չեն ուզում

Ինչպես և նախատեսված էր` փետրվարի 25-ին ԿԺԴՀ պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Հարավայի Կորեայի Փհյոնչհան քաղաքում  մասնակցել է ձմեռային օլիմպիադայի փակման արարողությանը: Նախօրեին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Հնդիպման արդյունքների մասին հայտարարություն է տարածել նախագահի վարչակազմը, որը հեռարձակել է YTN հեռուստաալիքը:

- Հյուսիսկորեական պատվիրակությունը համաձայնություն է հայտնել, որ միջկորեական հարաբերություններին զուգընթաց պետք է զարգանան նաև հյուսիսի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ,- նշված է հայտրարության մեջ:

ԿԺԴՀ պատվիրակությունը գլխավորում է Կորեայի աշխատանքային կուսակցության միասնական ճակատի բաժնի վարիչ, Կենտկոմի նախագահի տեղակալ Կիմ Յոն Չհոնը, մինչդեռ նրա անունը ներառված է միջազգային «սև ցուցակում»: Yonhap գործակալությունը մեկնաբանել է, թե դրա պատճառով այս այցելությունը շատ տեղացիների դժգոհությունն է շարժել, քանի որ նրա անվան հետ են կապում 2010թ. հարավկորեական «Չհոնան» նավի խորտակումը և Յոնփհոնդո կղզու ռմբակոծությունը:

Հիշեցնենք, որ հարավկորեական լրատվամիջոցները հնարավոր էին համարել, թե խաղերի փակման արարողության ժամանակ ԱՄՆ և ԿԺԴՀ պատվիրակությունները գուցե հանդիպեն: ԱՄՆ-ը, սակայն, մի անդրդվելի նախապայման ունի` պաշտոնական Փհենյանը պետք է ամբողջությամբ հրաժարվի միջուկային ծրագրերից, և քանի դեռ ԿԺԴՀ ապամիջուկայնացումը չի սկսվել` պատժամիջոցները պետք է շարունակվեն և ավելի խստացվեն:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն սրան արձագանքել է` հայտարարելով, թե դրանով Միացյալ Նահանգները փորձում է խափանել միջկորեական հարաբերությունների կարգավորումը ձմեռային Օլիմպիադայի ժամանակ:

- Հյուսիսային և Հարավային Կորեաները միմյանց հետ համագործակցել են, և Օլիմպիադան հաջող է անցել: Սակայն «Խաղեր-2018»-ի փակման արարողությունից առաջ Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները հանգեցրել են Կորեական թերակղզում պատերազմի սպառնալիքի,- նշված է հայտարարության մեջ:

Ցանկացած երկրի ապամիջուկայնացումը, իրոք, շատ կարևոր է, և ամենահզոր միջուկատեր ԱՄՆ-ը կարող էր ինքը Փհենյանին օրինակ դառնալ: Սակայն ամերիկացի գործիչները դրա փոխարեն ամբողջ աշխարհին պարտադրում են ԿԺԴՀ-ի դեմ ամենախիստ պատժամիջոցները կիրառել, մինչդեռ մեկնելու պատրաստ նրա ձեռքը տեսնել չեն ուզում: Ուրիշ խոսքով` նրան անկյուն են քշում, իսկ համեմատության լեզվով ասած` անկյուն քշված գազանը հաճախ անչափ վտանգավոր է դառնում:
Մնում է միայն զարմանալ, թե ի՞նչն է ԱՄՆ-ին, միջազգային կառույցներին ու մոլորակի պետություններին դրդում անկյուն քշել մի «գազանի», որի զինանոցում ատոմային մարտագլխիկների պես ահարկու զենք կա: 

Հիշեցում` ԿԺԴՀ-ի կողմից նկատվող զիջումներն ԱՄՆ-ը վերագրում է սոսկ պատժամիջոցներից խույս տալու ցանկությանը: