Ֆլորիդայի զինված հարձակումը վերստին վարկանշազրկել է Թրամփին

Միաբևեռ աշխարհի ճարտարապետ երկրում ընտրված նախագահի վարկանիշն այնքան կարևոր է, որ այն պարբերաբար ստուգվում ու վերլուծվում է:

CNN հեռուստաալիքի սոցիալական նոր հարցումը հաստատում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրողները նրանից դարձյալ հիասթափվել են: Փետրվարի 20-23-ին անցկացված հարցումների արդյունքով` ամերիկացիների լոկ 35%-ն է հավանություն տալիս ԱՄՆ նախագահի պաշտոնում նրա գործունեությանը:

Նման արդյունք գրանցվել էր նաև անցած փետրվարին և համարվել էր Թրամփի նախագահության ամբողջ շրջանի ամենացածր ցուցանիշը: Այս տարվա հունվարին, երբ լրացավ հանրապետական նախագահի պաշտոնավարման մեկ տարին, նրա վարկանիշն ամբողջ 5%-ով թռիչք էր գործել և հասել  40%-ի: Վերլուծաբանների մեկնաբանությամբ` դա պայմանավորված էր ԱՄՆ Կոնգրեսին նախագահի ամենամյա դիմումով, որը հեռարձակվել էր ամբողջ երկրում և լիովին դրական էր գնահատվել:

Մեկ ամիս անց Թրամփի ժողովրդականության նման անկման պատճառ դիտարկվում է փետրվարի 14-ին Ֆլորիդայում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ կարգապահական  խախատումների համար դպրոցից հեռացված աշակերտը իր երբեմնի կրթօջախում 17 մարդու էր գնդակահարել:

Մեր օրերում հոգեկան, կրթական, գաղափարական, բարոյական կասկածելի նկարագրի տեր մարդկանց ձեռքին այնքան զենք է հայտնվել, որ առանց պատշաճ վերահսկողության` ոչ մեկի անվտանգությունը երաշխավորված չէ: Ըստ նշված հարցումների` ԱՄՆ քաղաքացիների 54%-ը զենքի շրջանառության վերահսկողության ոլորտում Թրամփի քաղաքականությանը հավանություն չի տալիս:  Իսկ ահա հարցվածների 70%-ն արտահայտվել է հրազենի շրջանառությունը կարգավորող օրենսդրությունը խստացնելու օգտին: 1993-ից այս կողմ` սա այսպիսի հարցադրմանը ԱՄՆ քաղաքացիների նման պատասխանի ամենաբարձր ցուցանիշն է:

Ուշագրավ է նաև հարցման մասնակիցների «կուսակցական կողմնորոշումը»: Պարզվել է`հանրապետականների 80%-ը լիովին հավանություն է տալիս իրենց կուսակից Թրամփի գործունեությանը, իսկ դեմոկրատների սոսկ 5%-ն է դա արդյունավետ ու ճիշտ համարում: Նշենք, որ հարցման արդյունքների սխալվելու հավանականությունը 3-4% է:

Հիշեցնենք, որ Ֆլորիդայի ողբերգությունից հետո ԱՄՆ նախագահը հավանություն չտվեց օրենսդրության մեջ  փոփոխություններ անելուն, փոխարենը առաջարկեց զինել դպրոցների ուսուցիչներին: Այսինքն` տարբեր հանցագործների, բախտախնդիրների ու անհավասարակշիռ մարդկանց ձեռքին հայտնվող  զենքի քանակությունը նվազեցնելու փոխարեն դրանք կրողների թիվն անհամեմատ մեծացնել: Երևակայել միայն կարելի է, թե ԱՄՆ-ում քանի ուսհաստատություն կա և քանի՞ մարդ զենք կստանա առանց մի ծախսի:

Այս ամենից ի՞նչ եզրակացություն կարելի է անել: Աշխարհը կառավարել փորձող ԱՄՆ-ը ահեղ պատժամիջոցներ է պահանջում (այն էլ` մեծագույն հաջողությամբ) բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք զինվում են արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու նպատակով: Իսկ ահա իր երկրի ներսում զենքի շրջանառությունը զսպելուն միանգամայն դեմ է: Թվում է` տրամաբանությունից լիովին զուրկ մտածողություն է: Չէ՞ որ մի օր քո ներքին զենքը կարող է երկիրդ այնպիսի ավերակների վերածել, ինչին չեն կարող հասնել ԿԺԴՀ-ն, Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը և ԱՄՆ մյուս «երդվյալ» թշնամիները միասին վերցրած: