Թուրքիային Արֆինի խաղաղ բնակիչների անվտանգությո՞ւնն է մտահոգում

Թուրքիայի կողմից «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսելուց ուղիղ մեկ ամիս անց Սիրիական կառավարությունն այնտեղ զինված ուժեր է ուղարկել` Արֆինի քրդերին պաշտպանելու նպատակով: Այդ մասին հաղորդում են աշխարհի տարբեր լրատվամիջոցներ, մասնավորապես Al Mayadeen հեռուստաալիքը:

«Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական խմբավորումից լրատվամիջոցին հաղորդել են, որ սիրիական բանակի կողմից կռվող ժողովրդական աշխարհազորի ջոկատները փետրվարի 20-ին մարտական դիրքեր են գրավել Արֆինի քրդական շրջանում (Հալեպից 65 կմ հեռավորությամբ): Ըստ այդ տեղեկության` թուրքական զորքերին հակահարված տալու նպատակով Արֆին ուղևորված սիրիացի մարտիկների թիվը 400-ից ավելի է:

Դեռևս փետրվարի 20-ին էր սիրիական SANA գործակալությունը հաղորդել, որ Սիրիայի կառավարության բանակի կողմից կռվող աշխարհազորայինները սկսել են Հալեպից Արֆին տեղափոխվել: 

- Աշխարհազորայիններն ուղղություն են վերցրել դեպի Արֆին, որպեսզի նրա բնակիչներին աջակցեն դիմակայելու թուրքական վարչակարգի հարձակումներին,- նշել էր գործակալությունը:
Ինչպես և սպասվում էր` Անկարան Դամասկոսի գործողություններին բացասական գնահատական է տվել: Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը փետրվարի 20-ին նախազգուշացրել է, որ Սիրիայի կառավարական կամ կառավարամետ ուժերի` Արֆին մտնելու փորձերը  «լուրջ հետևանքներ» կունենան:

Հիմա աշխարհում ի՞նչն է ամենահեշտը` սեփական նվաճողական գործողությունների համար հարմար պատճառաբանություն գտնել: Ահաբեկչության դեմ պայքարն այս տեսանկյունից Թուրքիային ուղղակի նվեր է: Սիրիայի քրդերից կազմված «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» խմբավորումը հռչակելով ահաբեկչական` այդ երկրիրն իր հարավային հարևանի սահմաններ ներխուժեց զենքով ու զորքով: Թուրքական գլխավոր կենտրոնակայանի տվյալներով` իրենց զինուժը 1780 ահաբեկիչ է վնասազերծել:

Իսկ թե քանի անմեղ քաղաքացի ու երեխա է զոհվել, ինչ ավերածություններ են գործվել` Թուրքիայի համար կարևոր չէ: Ավելին, հայտարարել է, որ ռազմական գործողությունները շարունակելու է` որքան էլ միջազգային տարբեր կառույցներից ու առանձին պետություններից պարբերաբար կոչեր են հնչում դրանք դադարեցնել:

Թուրքիայի ծրագրերում միայն մեկ «բացթողում» է եղել` Էրդողանը խոստացել էր Արֆինի գործողություններն ավարտին հասցնել երեք օրում, սակայն մեկ ամիս անց էլ դեռևս նպատակին չի հասել: Թուրքական վայրագությունների մասին նվազագույն իսկ տեղեկություն ունեցողների համար սրա բացատրությունն ուղղակի զավեշտական է. պարզվում է` որոշ չափով հապաղում են, որպեսզի խաղաղ բնակիչներին հնարավորինս քիչ վնասեն:

Իսկ Մերձավոր Արևելքի իրավիճակը կարծես թե իրոք նոր փուլ է մտնում. ռազմական բախումն արդեն երկու պետությունների` Սիրիայի ու Թուրքիայի միջև է: