Ուկրաինան Կիևի «ադրբեջանացումից» վախ չունի՞

Պանթուրանիզմով տարված Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են չարորակ ուռուցքի նման տարածվել հնարավոր  բոլոր հարթակներում: Եվ եթե անհնար է աշխարհը թուրքացնել բռնի ուժով, որովհետև ուրիշներն էլ են կարողանում զենք բանեցնել, ապա ոմանց կարող են տնտեսական ու այլ կարգի լծակներով իրենց դաշտը բերել:
 
Մեր հարևան Վրաստանի թուրքադրբեջանական կողմնորոշուման խորության մակարդակն արդեն կասկածից վեր է: 
 
(Հիշենք՝ Վրաստանում լռելյայն կամ սիրով հանդուրժում են անգամ այն փաստը, որ իրենց երկրի ադրբեջանական դպրոցներում պատմության դասագրքերը քարոզում են, թե Թբիլիսին ադրբեջանական քաղաք է, որը վրացիները պարզապես ժամանակին նվաճել են: Եվ այս տեսանկյունից ի՞նչ զարմանալի բան կա, որ Երևանն էլ է ադրբեջանական հռչակվում: Որ պահին սրանք Փարիզում կամ Լոնդոնում, Նյու Յորքում կամ Տոկիոյում ոտքի տեղ անեն՝ դրանք էլ իրենց հիվանդ ուղեղներով բնիկ ադրբեջանական տարածքներ կներկայացնեն): 
 
Իսկ իրենց ազդեցությունը տարածելու ուղղությամբ գործ, իսկապես, անում են: Այժմ էլ թուրքական երկու պետությունները Ուկրաինայի հետ տնտեսական կապերն են սերտացնում: Ռուսական լրատվամիջոցների պնդմամբ՝ Ուկրաինան, Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են առևտրային միություն ստեղծել: Այդ նպատակով նրանք մարտի 6-ին բանակցությունների են հավաքվելու Բաքվում: 
 
Մտադիր են քննարկել երեք երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մարդասիրական գործընկերության ընթացիկ վիճակին ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Առանձնապես կարևորվելու են բեռնափոխադրումերը տրանսպորտային միջանցքների օգնությամբ, ինչպես նաև՝ Կասպից և Սև ծովերի միջոցով էներգապաշարների փոխադրումը: 
Տնտեսական նոր միության մեջ ներառված լինելու միտքը Ադրբեջանի իշխանության ներկայացուցչին (խոսքը Կիևում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևի մասին է) սեփական «ազգի» կարևորության գիտակցության այնպիսի պաթոսով է համակել, որ նա անվարան համոզմունք է հայտնել, թե նոր ձևաչափի ստեղծումը ապացուցում է, որ անհնար է առանց Ադրբեջանի մասնակցության տարածաշրջանային և միջազգային նախագծեր իրականացնել:
 
Այնպես որ, Ուկրաինայում թող պատրաստ լինեն՝ հաջորդ «բնիկ ադրբեջանական» քաղաքը Կիևն է հռչակվելու: Դրանից հետո Ուկրաինան ու Ռուսաստանն այլևս վիճելու թեմա չեն ունենա, թե ինչ դեր ունի Կիևը այսօր տարբեր ազգեր համարվող այդ երկու հասարակությունների պատմության մեջ: Ի դեպ, պատմական շատ փաստեր մատնանշում են, որ Կիևը հիմնադրել են օտար զավթիչների պատճառով Հայաստանից հալածված հայ իշխաններ: Միայն թե հայերի մտքով չի անցնում այն «բնիկ հայկական» հռչակել: Լա՛վ է, որ մեր արևելյան պարտադրյալ հարևաններից այդպես էլ ոչինչ չսովորեցինք: