Պատերազմի ու խաղաղության սահմանները ջնջվում են

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Տարածքներ գրավելու և այնտեղ սեփական իշխանությունը հաստատելու զինված բախումները՝ պատերազմները, մշտապես են ուղեկցել մարդկությանը, բայց դրանց տրամաբանությունը ոչ միշտ է հասկանալի եղել: 
Իսկ մեր օրերում մարդու ագահությանն ու նվաճողական ձգտումներին մեկ այլ չարիք էլ է ավելացել՝ միջազգային ահաբեկչությունը:
 
Մոլորակի ամենահզոր ռազմական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Սթոթենբերգն ասել է, թե ահաբեկչության դեմ պայքարը ջնջում է  պատերազմի և խաղաղության ավանդական սահմանները: Պատասխանելով pressassociation.com-ի  հարցերին՝ նա նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարի ավարտը դժվար է կանխատեսել:
 
- Առկա է ահաբեկչական հարձակումների մշտական սպառնալիք: Մենք տեսանք, որ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում դա կրկնվում է նորից ու նորից,- նշել է նա: 
 
Ըստ Սթոլթենբերգի՝ թեև Իրաքում և Սիրիայում ԻՊ զավթած տարածքների 98%-ը ազատագրվել է, ինչն ինքնին մեծ ձեռքբերում է, սակայն սպառնալիքը դեռևս չի վերացել: 
 
- Վտանգը դեռևս կա, և սա սերունդների պայքար է: Սա նաև ցույց է տալիս, թե որքան են փոխվել խաղաղություն և պատերազմ հասկացությունները:  Այդ ամենը տեղի է ունեցել Իրաքում և Սիրիայում, ինչպես նաև՝ Աֆղանստանում, Հյուսիսային Աֆրիկայում ու Ասիայում, կիբերտարածքում, և ես կարծում եմ՝ շատ դժվար կլինի ճշգրիտ կերպով մատնանշել, թե երբ կավարտվեն այս պատերազմը կամ պայքարը,- ասել է Սթոթենբերգը: 
 
ՆԱՏՕ-ի ամենագործուն անդամ ԱՄՆ-ում էլ խիստ անհանգստացած են Եվրոպայի երկրների պաշտպանության հարցերով: Իսկ եթե ավելի ճշգրիտ ձևակերպելու լինենք, երևի պետք է ասենք, որ ԱՄՆ-ի կարծիքով՝ Եվրոպան ՆԱՏՕ-ից բացի այլ ուժի ապավինել չի կարող: Պենտագոնի ղեկավար Ջիմ Մատիսը Բրյուսելում հյուսիսատլանտյան դաշինքի երկրների իր գործընկերների հետ կայացած հանդիպման ավարտին հայտարարելություն է արել:
 
- Համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի Եվրոպական միության փաստաթղթերում ներառվի, որ համատեղ պաշտպանությունը ՆԱՏՕ-ի և միայն ՆԱՏՕ-ի առաքելությունն է,- ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքերն է փոխանցել dw.com կայքը:
 
Բանն այն է, որ մինչ նշված հանդիպումը՝ Վաշինգտոնը մտահոգություն էր հայտնել, թե պաշտպանության և անվտանգության գործում ԵՄ երիկրների համագործակցության վերաբերյալ ծրագրերը կարող են ՆԱՏՕ-ն թուլացնել, ինչը կարող է սահմանափակել ամերիկյան ընկերությունների մուտքը եվրոպական սպառազինությունների շուկա: 
 
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, իհարկե, չի կարող ՆԱՏՕ-ին անտարբեր թողնել: Սակայն ԱՄՆ ՊՆ պատասխանատուի խոսքից և Վաշինգտոնի գործելակերպից դատելով՝ ամենակարևորը սպառազինությունների շուկայում ունեցած դիրքն է: Իսկ որտեղ սպառազինություն՝ այնտեղ կրակելու անհրաժեշտություն: Հո իզուր չեն ասում՝ ներկայացման սկզբից պատից կախված հրազենը վերջում կրակելու համար է հանդիսատեսին ցուցադրվում:
 
Հիմա, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ պատերազմի և խաղաղության բուն սահմաններն են ջնջվել, համաշխարհային խաղացողներից մեծ խելք ու ամենակարևորը՝ անբասիր բարոյականություն է պահանջվում: Ցավոք՝ ոչ մեկի նշույլը նրանց գործողություններում չի նկատվում: