Աֆղանստանի զոհերի վիճակագրությունն ու թալիբների նամակը

Տասնամյակներ տևող աֆղանական հակամարտության վերջը դեռևս չի երևում, իսկ դրա բացասական հետևանքները օրեցօր ավելի խիստ են արտահայտվում:

Աֆղանստանում ՄԱԿ-ի աջակցության առաքելությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ շեշտվում է` 2017թ. այնտեղ զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 10 000 խաղաղ բնակիչ, որից 3438-ը զոհվածներն են: Տխուր է նաև երևույթի աճի միտումը` նախորդ տարվա համեմատ այն 6%-ով ավելացել է:

ՄԱԿ-ի ուշադրության կենտրոնում նաև մահացության բարձր մակարդակն է` մահապարտ ահաբեկիչների հարձակումներից և ինքնաշեն ռումբերի պայթյուններից: Զեկույցը հաստատում է, որ քաղաքացիական անձանց 65%-ի զոհվելու պատճառը «հակակառավարական տարրերն» են` այդ թվում «Թալիբան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները: Զոհերի ու վիրավորների վիճակագրության 19%-ը բաժին է հասնում կառավարական ուժերի գործողություններին, 11%-ը` գրոհայինների և կառավարական ուժերի փոխհրաձգությանը:

- Աֆղանստանի ժողովուրդը տարին տարու հետևից շարունակում է ապրել վտանգի ու վախի մեջ, իսկ սպանությունների համար մեղավորները պատասխանատվությունից խույս են տալիս: Նման գրոհները արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով և դեպքերի մեծ մասի պարագայում ռազմական հանցագործություններ են: Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն,- Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնի հայտարարություննն է մեջբերել զեկույցը:

Ըստ երևույթին` Աղֆանստանում տիրող նման իրավիճակը չի գոհացնում նաև դրա պատասխանատուներից մեկին` «Թալիբան» խմբավորմանը:

Այսպիսի եզրակացություն կարելի է անել` ելնելով փետրվարի 14-ին հրապարակված նամակից` ուղղված ամերիկացի ժողովրդին, անկախ կազմակերպությունների պաշտոնատար անձանց և խաղաղասեր կոնգրեսականներին: Թալիբներն այդ նամակով կոչ են անում սկսել երխոսություն, որը կնպաստի Աֆղանստանում պատերազմի դադարեցմանը: Ընդ որում` հատուկ զգուշացրել են, որ խաղաղության հարցում իրենց պատրաստակամությունը խմբավորման թուլացում չի նշանակում։

Նամակի հեղինակները նշել են, թե իրանք նախապատվությունը տալիս են աֆղանական հարցը խաղաղ ճանապարհով լուծելուն և նշել են, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի զավթումը և ընդունի կառավարություն ձևավորելու «Թալիբանի» իրավունքը, ինչը համահունչ է «ժողովրդի համոզմունքներին»։

- Ամերիկացի ժողովրդի համար դեռևս չափազանց ուշ չէ գիտակցել, որ «Թալիբանը» կարող է ամեն մի կողմի հետ խնդիրները լուծել առողջ քաղաքականության ու երկխոսության միջոցով,- գրված է նամակում:

Հակամարտություններին վերջ տալու լավագույն ճանապարհը, իհարկե, երկխոսություններն են: Միայն թե երբ զինանոցդ լիքն է ամենահզոր զենքերով ու թուրդ աջուձախ կտրում է` դժվար թե հաշվի առնես, որ քո գործողությունների զոհերը աշխարհից բան չհասկացող երեխաներ են կամ ծերությունից ուժասպառ մարդիկ: