ԱՄՆ պաշտպանության ծախսերը դարձյալ անգերազանցելի են

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը, ամեն տարվա պես, հրապարակել է աշխարհի պետությունների 2017թ. ռազմական ծախսերի չափը և նվազման կարգով կազմել դրանց ցանկը:

Բոլոր տարիներին այդ ցուցակը գլխավորել է Միացյալ Նահանգները, և այս տարին նույնպես բացառություն չէ: Ընդ որում` ԱՄՆ-ը իր ռազմական բյուջեին առնվազն 4 անգամ ավելի շատ գումար է հատկացրել (ավելի քան 600 մլրդ դոլար), քան ցուցակի հաջորդ տողն զբաղեցնող Չինաստանը (150 մլրդ դոլար): «Պատվավոր» եռյակը եզրափակում է Սաուդյան Արաբիան` ավելի քան 76 մլրդ դոլար ռազմական բյուջեով:

Ռուսաստանն այս ցուցակում չորրորդն է:

Լուրը հաղորդող ռուսական «Վեստին», բնականաբար, շեշտը դրել է եվրոպացի հետազոտողների վերլուծության այն հատվածների վրա, որտեղ անդրադարձ կա Ռուսաստանին: Չի անտեսվել նաև Չինաստանը:

Ինչպես նկատում ենք` ՌԴ ռազմական ծախսերը ԱՄՆ-ի համարժեք ծախսերից գրեթե 10 անգամ պակաս են: Եվրոպացի փորձագետներն էլ նշել են, թե չնայած ոչ մեծ բյուջեին (առաջատար եռյակի համեմատությամբ), ՌԴ բանակը շարունակում է նորանալ` ձեռք բերելով ավելի շատ արդիական զինտեխնիկա: Բացի այդ, ռուսական սպառազինությունը մեծ թափով կիրառվում է Սիրիայում, ինչն անգնահատելի փորձ է հաղորդում թե՛ զինվորականներին, թե՛ ռազմարդյունաբերական համալիրին: Անգամ նշում են, որ արևմտյան երկրները զրկվել են նորարարական զինատեսակների ոլորտի մենաշնորհից:

Ասվում է նաև, որ Չինաստանը նույնպես նորագույն մարտական տեխնիկայի ոլորտում ԱՄՆ-ին նեղում է: Վերջերս Չինաստանն իր զինանոցում ընդունել է հինգերորդ սերնդի J-20 կործանիչներ: Իսկ դա նշանակում է, որ ԱՄՆ-ը արդեն միակ երկիրը չէ, որը նմանատիպ մեքենաներ ունի:

Եվրոպացի հետազոտողները հատուկ ուշադրություն են հատկացրել չինական ռազմածովային նավատարմի զարգացմանը: 2000թ. այս կողմ ՉԺՀ-ում այնքան նավեր ու սուզանավեր են կառուցվել, որքան չեն կառուցել Ճապոնիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը` միասին վերցրած:

Տվյալ աղյուսակում երևում են ցուցակի առաջին 15 պետությունները` իրենց առնվազն 19 մլրդ դոլար կազմող ռազմական բյուջեներով: Եվ այսպես` հինգերորդը Հնդկաստանն է, որին հաջորդում են Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան, Հարավային Կորեան, Բրազիլիան, Ավստրալիան, Իտալիան, Իսրայելը և 15-րդը` Իրաքը: 

Մեր երկու ոխերիմ հարևանները, ճիշտ է, այս առաջին տասնհինգի մեջ չկան, սակայն բացի զենքի ուժից ու կաշառքից աշխարհը նվաճելու այլ արժեք չունենալով` նրանք միջոցներ չեն խնայելու, որպեսզի հասնեն առաջատարներին: