Արյան հոտը Էրդողանին օսման նախնիների վայրագ բարքերն է հիշեցրել

ՍՈՒԼԹԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ՕՍՄԱՆՅԱՆ ԲՌՈՒՆՑՔՈՎ»

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների համապատկերին միմյանց հրապարակային մեղադրանքներ ու սպառնալիքներ են հղում ՆԱՏՕ-ական գործընկերներ ԱՄՆ-ը և Թուրքիան: Քանի որ երկուսն էլ, որպես Սիրիայում իրենց ներկայության միակ արդարացում՝ նշում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, այս օրերին հենց դրա վրա էլ դնում են իրենց «խոսքակռվի» շեշտը:
 
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ Քուվեյթում հայտարարել է, թե Աֆրինում թուրքական զինված ուժերի գործողությունները բացասաբար են անդրադարձել Սիրիայի արևելքում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարի վրա:
 
- Կարծում եմ՝ կարևոր է, որ Թուրքիան գիտակցի իր գործողությունների հետևանքները ու նաև հաշվի առնի մեր խնդիրները, որոնցից հիմնականը հաղթանակն է ԻՊ-ի նկատմամբ,- նշել է ԱՄՆի արտաքին գերատեսչության պատասխանատուն: 
 
Թուրքիայի նախագահ Էրդողանի կարծիքով՝ Սիրիայում ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարը իրականում թատերական բեմադրություն է, և արդեն վերածվել է Թուրքիայի դեմ պայքարի: Էրդողանն այս հայտարարությունն արել է («Անադոլու» գործակալության փոխանցմամբ)՝ խոսելով ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում Սիրիայի քուրդ զինյալներին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցության մասին:
 
- Ասում եք, թե ԻՊ-ի դեմ եք պայքարում: Դուք արդեն կես միլիարդ ծախսել եք և այժմ ցանկանում եք այդ թիվը հասցնել երեք միլիարդի: Իսկ քանի՞ իպ-ական եք սպանել այս ընթացքում: Եկել է ժամանակը՝ վերջ տալու այդ թատրոնին,- ասել է Էրդողանը:
 
Էրդողանն ամերիկացիներին կոչ է արել հանել դիմակները: Ապա նաև հակադարձել է ամերիկացի գեներալներից մեկը հայտարարությանը, թե եթե թուրքական զինուժը Մանբիջին հարվածի՝ իրենք կոշտ պատասխան կտան: 
 
- Այդպես խոսում են նրանք, ովքեր դեռ չեն տեսել օսմանյան բռունցքը,- սպառնացել է Էրդողանը, որի կերպարն այսօր տարբեր լրատվամիջոցներ ներկայացնում են սուլթանի ու ֆաշիստի տեսքով:
 
Սիրիական Արֆինում քրդական ուժերին հարվածելուց առաջ (որն սկսվեց հունվարի 20-ին) Թուրքիան աշխարհով տարփողեց մեկ իր մտադրության մասին: «Չար լեզուներն» էլ հավաստիացնում են, թե նախօրոք իր համար ապահովել էր նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համաձայնությունը: Ու հիմա հարց է առաջանում, թե ի՞նչ է նշանակում ԱՄՆ-Թուրքիա այս վեճը: Սա կարող է լինել աշխարհի մնացած մասի համար նախատեսված թատրոն, որտեղ Էրդողանը նույնպես գլխավոր դեր ունի՝ որքան էլ բեմադրությունը սոսկ ԱՄՆ-ին վերագրի: Սակայն նաև հնարավոր է, որ Արֆինում թափվող արյան հոտը թուրք նախագահի գլուխին է խփել, և նրա մեջ սկսել են մոլեգնել օսման նախնիների վայրագ բարքերը:  
 
Իսկ Մերձավոր Արևելքում շարունակում է արյուն հեղվել, ԻՊ-ի ահաբեկիչները դեռևս ծանր գործոն են, հաշտության ու խաղաղության եզրերն էլ իրարից չափազանց հեռացած ու ծվեն-ծվեն են, որպեսզի հնարավոր լինի գոնե կարկատել: