Վճարի՛ր, որպեսզի իրավունք ունենաս խոսել ու քվեարկել

Տեսնես երբևէ որևէ մեկը հարց բարձրացրե՞լ է՝ ձայնի իրավունքից զրկելու այնպիսի պետությունների, որոնք այնքան փողի ավելցուկ ունեն, որ կարողանում են միջազգային կառույցներում սրա-նրա ձայները գնել և իրենց օգտին որոշումներ «դասավորել»: Իսկ ՄԱԿ-ի անդամ գրանցելիս նման պարտավորություն դրվո՞ւմ է՝ սեփական փողերը չօգտագործել կաշառքով ձայներ ձեռք բերելու համար: Կարող են նաև նման պետությունների «դռներից» ծիկրակել ու ներս նայել՝ տեսնելու համար, թե դրանց շարքային բնակիչների գրպանում գոնե օրվա հացի գումար կա՞, կամ թե՝ այնտեղ ի՞նչ եռանդով են այլատյացություն սերմանում:
 
Վենեսուելայի և ՄԱԿ-ի բարդ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. հարավամերիկյան այս երկիրը ժամանակավորապես զրկվել է միջազգային կառույցի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից: Պատճառը սահմանված գումարները ՄԱԿ-ի բյուջեին չվճարելն է (հաղորդել է EFE գործակալությունը): 
 
ՄԱԿ-ում ձայնի իրավունքից Վենեսուելան ժամանակավորապես զրկվել էր նաև անցած տարի, սակայն կարճ ժամանակ անց՝ պարտքերի մի մասը մարելուց հետո, նրան այդ հնարավորությունը վերադարձվել էր: 
 
Սա ՄԱԿ-ում ընդունված չափորոշիչ է՝ ձայնի իրավունքից զրկել այն երկրներին, որոնք չեն կատարում սահմանված վճարումները: Այս պատճառով Միավարված ազգերի ԳՎ- ում ժամանակավորապես ձայնի իրավունք չունեն Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հասարակածային Գվինեան, Գրենադան, Լիբիան, Սուրինամը և Եմենը:
 
Փաստորեն ՄԱԿ-ում կշիռ ունի այն պետությունը, որը վճարունակ է: Եթե դու հետին աղքատն ես, խոսելու իրավունք էլ չունես: Իսկ եթե խոսելու բան ունես, կարող ես դա անել բնակիչներիդ թոշակից, նպաստից, աշխատավարձից զրկելու գնով: Պատասխանատվություն ես ստանձնել՝ կատարի՛ր: