Մեծ Բրիտանիան Սորոսին ԵՄ կազմում է հարկավոր

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը շատերին հանգիստ չի տալիս: Քանի դեռ վրա չի հասել 2019թ. մարտի 29-ը` բրիտանական «ելքի» վերջնաժամկետը, որոշ ուժեր հույս ունեն խափանել գործընթացը և նոր հանրաքվե նախաձեռնել:

«Best for Britain» (Լավագույնը Բրիտանիայի համար) կազմակերպությունն այդ նպատակով արշավներ է  կազմակերպում, իսկ նրան, ըստ լուրերի, ֆինանսավորում է ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը:

Հանուն Brexit-ի չեղարկման` Սորոսը 138 հազար դոլարի նոր ներդրում է արել (հաղորդել են լրատվամիջոցները): Միլիարդատերը փոխանցումն արել է Open Society Foundations հիմնադրամից, իսկ գումարի չափը ճշտել է «Թելեգրաֆը»: Ընդամենը մի քանի օր առաջ` փետրվարի 8-ին էլ Բրիտանիայի համար լավագույնը ցանկացողների արշավին Սորոսը 400 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 557 հազար դոլար) էր հատկացրել:

Best for Britain-ի ակտիվիստները ծրագրում են փետրվարի ընթացքում գործողություններ ձեռնարկելով` հասնել նրան, որ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով երկրորդ անգամ հանրաքվե անցկացվի: Հույս ունեն, որ այս անգամ  բրիտանացիները կքվեարկեն ԵՄ-ի կազմում մնալու օգտին: Իսկ եթե սա չհաջողվի, մտադիր են իրենց պայքարի սլաքն ուղղել ԵՄ-ից դուրս գալու համար Միացյալ Թագավորության առջև դրված պայմանների դեմ և խորհրդարանականներին համոզել, որ քվեարկությամբ նպաստեն: ՄԹ քաղաքացիներին թերևս ամենաշատը մտահոգում է եվրոպական միացյալ շուկայից դուրս մնալու և Մաքսային միության անդամակցությունից զրկվելու հեռանկարը:

Ջորջ Սորոսն իր հիմնադրամով աշխարհում շատ գործընթացների է միջամտում: Նրան են վերագրում, օրինակ, աշխարհով մեկ գունավոր հեղափոխությունների կազմակերպումը: Դե, եթե Brexit կոչվածը նրան դուր չի գալիս, ի՞նչն է խանգարում, որ ֆինանսավորի դեմ տրամադրվածներին կամ նրանց, ովքեր դեմ չեն իրենց պայքարի շնորհիվ գրպանել Սորոսի փողերի փշրանքները: Իսկ եթե Սորոսն ուզում է Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում պահել, մի՞թե նրա միլիարդները չեն բավարարի դեմ շարժում կազմակերպել:  Այս պահին թվում է` Brexit-ը անկասելի գործընթաց է: Սակայն ո՞վ իմանա: