Գործելակերպն է սխալ

Փետրվարը դեռ չի էլ կիսվել, սակայն արդեն հայտնի է դարձել, որ այս ամսվա ընթացքում Սիրիայում օդային հարվածները ավելի քան 1000 խաղաղ բնակչի կյանք են խլել:

Սա սիրիական հակամարտության ընթացքում արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Երևույթից անհանգստացած` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարություն է տարածել.

- Սիրիայի ժողովուրդը գրեթե յոթ տարի տևած հակամարտության ամենազարհունալի փուլն է թևակոխել: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ միայն փետրվար ամսի առաջին շաբաթվա ընթացքում օդային հարվածներից ավելի քան 1000 խաղաղ բնակիչ է զոհվել,- ահազանգում է հայտարարությունը:

Գուտերիշն իր անհանգստությունն է հայտնել, որ Սիրիայում հակամարտությումը  նոր թափ է առել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտող կողմերին հիշեցրել է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին և ընդգծել, որ խնդիրը շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում:

Ըստ էության` մոլորակի վրա չկա մի կառույց, որը կարողանա զսպել զավթչին, խառնակչին, հանուն քաղաքական շահի միլիոնավոր մարդկանց կործանողներին: Միակ միջոցը, որով փորձում են ինչ-որ ուժի զսպել, նրա դեմ համարժեք հակադարձ ուժ գործադրելն է` չհաշված անատամ կոչերն ու հորդորները: Սակայն քանի որ առայժմ չի եղել մի դեպք, որ ուժի դեմ կիրառված ուժը բազմաթիվ չարիքներ բերած չլինի` եթե անգամ կարողացել է նրան հաղթել: Մնում է մտածել, որ գործելակերպն է միանգամայն սխալ: