Իրանը միջուկային համաձայնագրի հնարավոր չեղարկումն անպատասխան չի թողնի

Երևում է` Իրանը այլևս հույս չունի ԱՄՆ-ին հասկացնել, որ միջուկային համաձայնագրի չեղարկումը ճիշտ քայլ չի լինի: Դրա համար էլ իրավիճակի նման շարջադարձին պատրաստվում է: Այդ մասին խոսել է ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաին:

Նա ասել է, թե  պաշտոնական Թեհրանը մշակել է պատասխան սցենար, եթե  2016թ. «միջնորդ վեցյակի» հետ կնքված միջուկային համաձայնագիրը չեղարկվի: Հիշեցնենք, որ համաձայնագիրը կնքվել է մի կողմից Իրանի, մյուս կողմից միջուկային վեց տերությունների` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:

- Իհարկե, Իրանը կփորձի համագործակցել Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև եվրոպական երկրների հետ՝ փորձելով պահպանել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը: Սակայն եթե այն խախտվի, Իրանը, բնականաբար, ունի գործողությունների իր սցենարը: Իրանը հստակ պատասխան գործողություններ է մշակել,- հայտարարել է դիվանագետը:

Նա նշել է, որ միջուկային համաձայնագիրն արդյունք է Թեհրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների միջև կայացած տևական երկխոսության: Այդ երկխոսությանը ԱՄՆ նախագահ Թրամփը չի մասնակցել, քանի որ այն ժամանակ Օբաման էր Սպիտակ տան գլխավորը: Նախագահ դառնալուց ի վեր Թրամփն ամեն կերպ ձգտում է Իրանին զրկել այդ համաձայնագրի ընձեռած հնարավորություններից` այն համարելով ԱՄՆ-ի համար ոչ շահավետ, Իրանի համար էլ` իր հրթիռային ծրագրերին զարկ տալու սողանցք:

Նման շրջադարձի պատրաստվելու մասին Իրանի հայտարարությունը չի կարող դատարկ խոսք լինել: Իսկ դա նշանակում է, որ եթե Թրամփն իր նպատակին հասնի, դրանով շշից բաց կթողնի մի վտանգավոր ու անկանխատեսելի ջին, որին վերստին վնասազերծելու համար գուցե իր հնարավորությունները չհերիքեն: