Ավելի լավ է ԵՄ անդամ լինել, քան կրել անուն, որը քոնը չէ

ՄԱԿԵԴՈՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ԶԻՋԵԼ

Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո իրար հետևից սկսեցին վերափոխվել նաև Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրները, աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Մակեդոնիա անունով մի նոր պետություն:
 
1993թ. ՄԱԿ-ի կազմի մեջ մտնելով որպես անկախ պետություն՝ նախկին Հարավսլավիայից անջատված այս միավորը այնտեղ գրանցվեց «Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա հանրապետություն» անվանումով: Միայն թե Հունաստանը դա հանդուրժել չկարողացավ, քանի որ Մակեդանիան իր հյուսիաիսային նահանգներից մեկի անվանումն է:
 
Մակեդոնիա անունը այս երկրին խանգարում է Եվրամիության անդամ դառնալ (Հունաստանի հետ ունեցած վեճի պատճառով), և ահա այնտեղ որոշել են զիջումների գնալ: Այդ մասին արդեն հայտարարել է վարչապետ Զորան Զաևը: 
 
- Իմ ցանկությունն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Անվանման մեջ աշխարհագրական դասակարգչի առկայությանը մենք պատրաստ ենք,- երեկ լրագրողներին ասել է Զաևը:
 
Նա նաև նշել է, որ կառավարությունը վերանվանել է հիմնական օդանավակայանը և առանցքային ավտոմայրուղին, որոնք կոչվել էին Ալեքսանդր Մակեդոնացու պատվին. օդանավակայանը կերանվանվի «Սկոպյեի միջազգային օդանավակայան», իսկ մայրուղին կկոչվի «Բարեկամություն»: Նա խոսել է նաև Հունաստանի հետ բարեկամության և վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի մասին: 
Այն, որ աշխարհի քարտեզին 20-րդ դարում ևս մեկ պետություն է հայտնվել, որը որոշել է վերցրել հարևան պետության նահանգներից մեկի անունը՝ բոլորը գիտեն: Իրանին նույնպես դուր չի եկել, որ Անդրկովկասում ստեղծվել է Ադրբեջան անունով հանրապետություն, սակայն նրա դժգոհությունը առայժմ ոչ մի հետևանք չի ունեցել:
 
Ուրիշի անվան գողությունը միջազգային կառույցներին բնավ չի մտահոգում, աշխարհի համար կարևորն այն է, որ կարողանան այնտեղից հնարավորինս շատ նավթ քամել: 
Հետաքրքիր է՝ Իրանին Մակեդոնիայի նախադեպը ինչ-որ բան կհուշի՞, թե դա ներկայիս խառնակ դրության մեջ այնքան էլ կարևոր չի դիտվի: Կամ գուցե հույս չունի, թե իր բողոքը մի բան կտա: 
 
Ու մինչ աշխարհը լիարժեք ընդունում ու տեղ է տալիս Ադրբեջան 100-ամյա պետությանը, այն վեր է ածվում իսկական բռնապետության, իսկ միջինասիական անապատների ծագման կնիքը կրողները երևակայում են, թե իրենք սերունդներն են կրակապաշտ նախնիների: Ինչո՞ւ: Որովհետև ուրիշներից տարածք ու անուն թռցրած իրենց պետության անվան առաջին բաղադրիչը ատր՝ կրակ բառն է: