Ձմեռային օլիմպիադայի խաղաղասիրական նրբերանգները

Աշխարհի խաղաղության ներուժին որևէ կշիռ կավելացնե՞ն, արդյոք, փետրվարի 9-25-ը հարավկորեական Փհյոնչհան քաղաքում տեղի ունենալիք ձմեռային օլիմպիական խաղերը: ԿԺԴՀ-ի միջուկային զինանոցի առկայության նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը գոնե կփորձի՞  իրավիճակը հարթելու եզրեր որոնել, երբ երկու երկրների պատվիրակությունները կմասնակցեն մարզական խաղերին, որոնց տրամաբանությունը դարեր ի վեր խաղաղության հետ է առնչվել:
 
Դատելով ԱՄՆ-ի արտաքին գործերի պատասխանատուի հայտարարությունից՝ կարծես դրա լիովին բացառված չէ: Համենայնդեպս, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Լիմայում ասուլիսին ներկա լրագրողներին ասել է, թե չի բացառվում, որ օլիմպիական խաղերի առիթով Հարավային Կորեա մեկնած ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հանդիպի Փհենյանից ժամանած պաշտոնական դեմքերի հետ: Այդ հնարավորությունը մեկնաբանելով՝ Թիլերսոնն ասել է.
 
- Ուղղակի կտեսնենք: Կտեսնենք՝ ի՞նչ կստացվի:
 
Սրան հակառակ՝ ճապոնական Asahi Shimbun լրատվամիջոցը լուր է տարածել, թե ամերիկացի օլիմպիականները խնդրել են իրենց հնարավորինս հեռու պահել Հյուսիսային Կորեայի պատվիրակությունից: Խնդրանքն ուղղվել է Հարավային Կորեային, որպեսզի ամեն ինչ այնպես կազմակերպի, որ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը և նրան ուղեկցող անձինք ձմեռային օլիմպիական խաղերի օրերին հնարավորինս հեռու մնան ԿԺԴՀ-ի պատվիրակությունից, որը գլխավորում է Ժողովրդական գերագույն ժողովի նախագահության ներկայացուցիչ Կիմ Յոն Նամը:
 
Ճապոնական լրագրի տվյալներով՝ խոսքն այն մասին է, որ ամերիկյան պատվիրակությունը Փհենյանի պատվիրակներից հնարավորինս հեռու գտնվի հատկապես խաղերի բացման արարողության, ճաշկերույթի և լուսանկարվելու ժամանակ: Նշվում է, թե Հարավային Կորեա այցելության ժամանակ ԱՄՆ փոխնախագահը մտադիր է ընդգծել ԿԺԴՀ-ի հետ իրենց հրաբերությունների հակամարտ բնույթը: Մասնավորպես, նա մտադիր է հանդիպել  Հյուսիսիային Կորեայից հեռացած սահմանախախտների հետ:
 
Խաղաղասիրական տրամադրություն է առկա Սեուլից հնչած կարծիքում: Այնտեղ չեն բացառում, որ որպես կորեական երկու պետությունների միջև հարաբերությունների ջերմացման նշան՝ Կիմ Յոն Նամը՝ երբևէ Հարավային Կորեա այցելած ամենաբրձրաստիճան հյուսիսկորեացին, հանդիպի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: 
 
Աշխարհի քաղաքական շահերը երբևէ Կորեան բաժանել են իրար հետ հակամարտող երկու պետությունների: Իսկ թե օլիմպիական խաղերն ի զորու կլինե՞ն պատմության ընթացքը շեղել դեպի վերամիավորում՝ ապագայում կերևա: Առայժմ դա համարյա անհավանական է թվում: