Առաջիկա հանրաքվեն Թուքիային ո՞ւր կտանի

Ինչպես հայտնի է` Թուրքիայում նախընտրական շրջան է: Նախապատրաստվող հանրաքվեի նպատակն է անցնել նախագահական համակարգի և Էրդողանի լիազորություններն ավելացնելով` նրան մի նոր սուլթան դարձնել: Բնականաբար, արդի աշխարհի չարն ու բարին նկատող որոշ թուրք գործիչներ դրան դեմ են և փորձում են ընտրազանգավածին բացատրել վտանգի աստիճանը:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահներից Յասեմին Օնեյ Ջանքուրթարանը Գերմանիայի թուրքական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Թուրքիայում կառավարման նախագահական համակարգ հաստատվի, դրսի աշխարհն իրենց կբնորոշի որպես երկրորդ Հյուսիսային Կորեա: Նա կոչ է արել «ոչ» ասել հանրաքվեին՝ հիշեցնելով նաև Լիբիայի և Իրաքի ճակատագրերը:
Ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված այս հանրաքվեն կվերացնի 1923թ. ի վեր գործող կառավարման խորհրդարանական համակարգը: Իհարկե, աշխարհում կառավարման տարբեր համակարգեր կան, իսկ հանրապետություններն, ըստ իրենց ցանկությունների, նախընտրում են նախագահական, կիսանախագահական կամ խորհրդարանական տարբերակները: Եվ և մեծ մասամբ դրանից չէ, որ կախված է լինում նրանց առաջընթացն ու մյուս երկրների նկատմամբ գրաված դիրքը:

Սակայն Թուրքիայի պարագայում «սուլթանական» պապական մտածելակերպի ամեն մի խորացում նրան ու նրա անմիջական հարևաններին մի նոր անդունդի եզրին է կանգնեցնում: Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները հայկական պետություններին չի կարող անտարբեր թողնել, մենք գոնե պետք է կարողանանաք աչալուրջ հետևել իրադարձություններին ու պատրաստ լինել անակնկալ շրջադարձների:

Ճիշտ է` նույն Հյուսիսային Կորեայից քանի անգամ արձագանքներ են հնչել, որոնք ի նպաստ հայերիս են եղել, սակայն մեր սահմանին գտնվող ու մեզ բացահայտորեն իր թշնամին համարող Թուրքիայիում նման փակ ու կառավարելի հասարակության առկայությունը ամենավտանգավորն է: Որքան էլ ասեն՝ թուրքը փոխվել է, դրան հավատալը մեծագույն միամտություն կլինի, բայց այն ուղղությունը, որով Էրդողանն է ուզում այդ երկիրը տանել, մեծագույն վտանգներ է պարունակում ամբողջ տարածաշրջանի, եթե չասենք` աշխարհի համար: Թեև մի բան էլ կա` մինչև յուղը մի լավ չպղտորվի, չի զուլալվում…

Ապրիլի 16-ին Թուրքիայի ժողովրդի կատարելիք ընտրությունը ցույց կտա, թե գոնե մի քիչ փոխվե՞լ է արդյոք պատմությանը որպես վայրագ ավերիչ հայտնի թուրքը: Եթե իհարկե` ընտրությունները լինեն «արդար ու թափանցիկ», իսկ ընտրողները հաշվարկած չլինեն, թե իրենց գեների հավաքածուում թուրքի գեն առկա՞ է արդյոք:

Իսկ մինչ այդ` Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամին է անդրադարձել գերմանական «Շպիգելը»` նշելով, թե հեղաշրջման փորձից հետո սկսված կադրային զտումները, տասնյակ հազարավոր ձերբակալությունները, քրդերի դեմ ռազմական գործողությունները, քուրդ գրոհայինների կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումները երկրի տնտեսությանը մեծապես վնասել են: Մասնավորապես տեղեկացվել է, որ միջինը 400 մլրդ կազմող արտաքին ներդրումները 40 տոկոսով նվազել են: