Ամստերդամը «ոչ» է ասում Թուրքիային

Անցած տարվա մարտից Նիդեռլանդների և Թուրքիայի միջև սկիզբ առած դիվանագիտական աղմուկը նոր զարգացում է ստացել: Հոլանդիայի իշխանություններն այն ժամանակ Թուրքիայի երկու նախարարների (արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայամ Կայային) չէին թույլատրել հանդիպումներ ունենալ Ռոտերդամում հաստատված թուրքերի հետ:
 
Երեկ՝ փետրվարի 5-ին պաշտոնական Ամստերդամը հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին՝ հայտարարելով, թե երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ արդյունք չի տվել։ Այդ մասին նշվել է Նիդեռլանդների ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որտեղ նաև ընդգծվում է, թե  քաղաքական ճգնաժամի ընթացքում երկու երկրները հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մի շարք հանդիպումներ են իրականացրել: Ամստերդամն այժմ մտադիր է Թուրքիային զրկել իրենց երկրում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հնարավորությունից:
 
Անկարայի պատասխանը, ինչպես միշտ, եղել է կոշտ և ինքնահավան: Փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ասել է, թե դեսպանի հետկանչումը չի ազդի երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների վրա: Իսկ դա նշանակում է, որ այդ հարաբերություններն առանց այն էլ արդեն խաթարված էին:  
 
- Այսօր նրանք պաշտոնապես հայտարարել են Անկարայից իրենց դեսպանին հետ կանչելու մասին, ով առանց այդ էլ տարվա ընթացքում Թուրքիայում չի եղել: Մեզ համար դա անակնկալ չէր: Թուրքիայի և Նիդեռլնդների միջև դիվանագիտական հարաբերությունները կմնան անփոփոխ. դրանք գտնվում են գործերի հավատարմատարի մակարդակում,- երկուշաբթի Բոզդաղի խոսքն է փոխանցել Anadolu Ajansi պարբերականը:
 
Սրան ի պատասխան՝ ցեղասպան երկրի նախագահը հոլանդացիներին համեմատել է նացիստների հետ, պահանջել է ներողություն հայցել և խոստացել է Նիդերլանդների նկատմամբ ամենախստագույն միջոցները ձեռնարկել: Էրդողանի խոստացած միջոցներից առաջինն արդեն իսկ կիրառվել է՝ Նիդերլանդների դեսպանին, ով այժմ արձակուրդում է, արգելել են Թուրքիա վերադառնալ: 
 
Քանի որ Արֆինի գործողությունների համար կարծես թե Թուրքիայի թանին թթու ասող չկա, երևում է՝ Էրդողանը թևեր է առել: Իսկ թե ինչ խիստ միջոցներով կարող է Նիդերլանդներին պատասխանել՝ դժվար չէ գուշակել: Ճիշտ է՝ յաթաղանով ու տանկերով այնտեղ մուտք չի գործի, ոչ էլ կործանիչներ կուղարկի, սակայն այնտեղ հաստատված թուրքերի վրա ազդելու ներուժ հաստատ կունենա: 
 
Երբ սկսվեց Արցախի ազատագրական շարժումը, խորհրդային երկրի ղեկավար Գորբաչովը, որը հետագայում խաղաղության Նոբելյան մրցնակ ստացավ, բացեիբաց նախազգուշացնում էր,  թե Ադրբեջանում հարյուրհազարավոր հայ պատանդներ կան: Եվ դա ասում էր այն ժամանակ, երբ Հայաստանն էլ լեցուն էր ադրբեջանցիներով: Բայց հո լավ գիտեր՝ հայն անզեն մարդու, կանանց ու երեխաների վրա չի հարձակվի, իսկ ադրբեջանցի կոչվածներին ըստ էության ուղղակի հուշում էր, թե ժամանակն է գործի անցնելու: 
 
Թուրքիան էլ լավ գիտի, որ իրենց թուրք համարող հոլանդաբնակները Եվրոպայի կենտրոնում պատանդ չեն, բայց կարող են իր օգտին ականի դեր խաղալ: Իսկ թե Եվրոպան երբ կարող է սա գիտակցել՝ դժվար է գուշակել: Որովհետև եթե այնտեղ գոնե մի փոքր հեռուն տեսնեին՝ Գորբաչովին Նոբելի գումարներով չէին պարգևատրի, այլ կմտահոգվեին սեփական անվտանգության մասին: