Քիբերհանցագործությունն արդեն անհաղթելի է դառնում

Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները մեկ տարվա ընթացքում 54 մլն քիբերգրոհ են հետ մղել, ինչպես նաև նպաստել են, որ համացանցային 120 հազար կեղծ կայքեր հեռացվեն: Այդ մասին նշված է Կառավարության կապի կենտրոնի հատուկ ծառայության կազմում գործող` Քիբերանվտանգության ազգային կենտրոնի (National Cyber Security Centre, NCSC) զեկույցում, որից տեղեկություններ է հաղորդել «Ֆայնենշլ թայմս» լրագիրը:

Փաստաթուղթը հաստատում է, որ կայքերի հեռացումը և քիբերգրոհների հետմղումը տարվել է  Great British Firewall պաշտպանական համակարգի միջոցով: Այս համակարգը նախատեսում է համակարգչային ցանցի մեջ ներդնել ծրագրային տարր, որը իրականացնում է ցանցային փոխադրումը:

Զեկույցում նաև նշվում է, թե նման հանցագործությունները մեծամասամբ ոչ թե «պետության թշնամի սուբյեկտներն» են կատարում, այլ այնպիսի խմբավորմներ, որոնք հույս ունեն  շահ ստանալ հափշտակված անձնական տվյալների վաճառքից կամ անօրինաբար մուտք ունենալ դեպի բանկային հաշիվներ:

NCSC-ի տնօրեն Իենա Լևիի խոսքով` այսօր արդեն իրատեսական չէ մտածել, թե քիբերհանցագործությանը հնարավոր է հաղթել: Բայց իրենց կենտրոնը պետք է ձգտի դրա դեմ առավելագույն պաշտպանվածության: Դրա համար հարկավոր է նաև հասնել նրան, որ քրեական գործունեության այդ տեսակը դառնա անշահավետ և չափազանց վտանգավոր: