Փհենյանը ՄԱԿ-ից պահանջում է խելքի բերել ԱՄՆ-ին

Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Յոն Հոն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և պահանջել է արձագանքել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի վտանգավոր խաղերին, որոնք, նրա կարծիքով, կարող են համաշխարհային չափանիշներով միջուկային աղետ բերել: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
 
- Եթե միջկորեական հարաբերությունների՝ այսքան դժվարությամբ ձեռք բերված  բարելավումն ու լարվածության թուլացումը խաթարվեն ԱՄՆ-ի մեքենայությունների պատճառով, որը միջուկային պատերազմի սպառազինություն է կենտրոնացնում Կորեական թերակղզում և նրան հարող շրջաններում, Վաշինգտոնը երբեք չի կարող պատասխանատվությունից խուսափել: Բնական է, որ ՄԱԿ-ը չպետք է լռություն պահպանի ԱՄՆ-ի վտանգավոր խաղերի վերաբերյալ, որոնք սրում են իրավիճակը տարածաշրջանում և կարող են ամբողջ աշխարհը ներքաշել միջուկային պատերազմի մեջ,- նշված է ՄԱԿ ուղարկված նամակում: 
 
ԿԺԴՀ արտգործնախարարը նաև շեշտել է, որ Վաշինգտոնը անթաքույց հայտարարում է՝ ամերիկացի և հարավկորեացի զինվորականների համատեղ վարժությունները, որոնք դադարեցվել են Փհյոնչհանի օլիմպիադայի առիթով, մրցույթի ավարտից հետո կվերսկսվեն:
 
- Ամերիկյան իշխանությունները դիտավորյալ բոլորին մոլորության մեջ են գցում՝ պնդելով, թե միջկորեական երկխսոսությունը մեր երկրի վրա գործադրված ճնշումների և պատժամիջոցների արդյունքն է: Ամեն անգամ, երբ համատեղ վարժություններ են անցկացվել, Կորեական թերակղզում մեծապես վտանգվել են խաղաղությունն ու անվտանգությունը, իսկ երկու Կորեաների առճակատումը հասել է ծայրակետին, որը խոչընդոտել է երկխոսությանը,- նշել է Լի Յոն  Հոն: 
 
ՄԱԿ-ին ուղղված այս նամակում նաև նախազգուշացում կա՝ ԿԺԴՀ-ն անպատասխան չի թողնի ԱՄՆ գործողությունները, որոնք ուղղված են Փհենյանի և Սեուլի միջև հարաբերություների բարելավումը խաթարելուն:
 
Իսկ ահա Սպիտակ տունն իր զինված ուժերի ղեկավարությունից դժգոհ է. այնտեղից անբավականություն է հնչել, թե Պենտագոնը չի ցանկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել ավելի հստակ ծրագրեր, որոնք կնախատեսեն ռազմական ուժ գործադրել ԿԺԴՀ-ի վրա: Սրա մասին հրապարակում է զետեղել «Նյու Յորք թայմս» լրագիրը: Հրապարակումից երևում է, որ Պենտագոնում այնուամենայնիվ ավելի ողջամիտ են դատում, քանի որ մտածում են, որ եթե  նախագահին ներկայացնեն խնդրի կարգավորման մի քանի տարբերակներ, դա կարող է աղետաբեր հետևանքներ ունենալ, քանի որ մեծացնում է հնարավորությունները, թե Թրամփն ի վերջո կցանկանա դրանցից ռազմականն ընտրել: