«Գենդերային» փոփոխություն Կանադայի օրհներգում

ՈՐ ԵՐԿՍԵՌ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ԶԳԱՆ

Հնարավոր է՝ մի օր Կանադայում որոշեն պետական դարձնել այնպիսի լեզու, որտեղ  երբեք կինն ու տղամարդն այնքան անհավասար չեն ընկալվել, որպեսզի մեկի համար մի դերանուն օգտագործեն, մյուսի համար՝ այլ: Ու այդ ժամանակ պետք է որ հայացքներն ուղղեն աշխարհի հնագույն լեզուներից հայերենի վրա, որից հետո գուցե զարմանան, թե նման լեզու ունեցող ազգն ինչպե՞ս է ամուր ընտանիքի գաղափարը դարեդար փոխանցել և շատ թե քիչ հաջողությամբ հասցրել մեր «գենդերային» դարին:
 
Կանադայում այնքան են վախենում սեռերի միջև խտրականություն դնելու մեղադրանքից, որ օրինագիծ են մշակել, որպեսզի ազգային հիմնի տողերում նման խտրականությունը բացառվի: Կանադայի Սենատն արդեն երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը կոչված է պետության օրհներգը «գենդերային տեսանկյունից չեզոք» դարձնել : Այդ երկրի Վերին պալատի «Թուիթերի» էջում նշվել է, որ անգլերեն տեքստի՝ «Հայրենասիրությունը ճակատագիր է որդիներիդ համար» տողում «որդիներիդ» բառը կփոխարինվի «մեզ» դերանվամբ: 
 
Օրհներգի ֆրանսերեն տարբերակը, պարզվել է, նման «խտրականություն» չի պարունակում, ուստի այնտեղ փոփոխություն անելու հարկ էլ չկա: 
Եթե Կանադայի գերագույն նահանգապետ Ժյուլ Պեյետը նույնպես հոգ է տանում, որ Կանադայի երկսեռ քաղաքացիներն իրենց հավասարաչափ հայրենասեր զգան՝ կստորագրի Սենատի ընդունած օրինագիծը, որից հետո այն ուժի մեջ կմտնի:  
 
Մնում է միայն զարմանալ, թե «գենդերային հավասարություն» կեղծ դրույթի ջատագով կանադացիներն ինչպես են հարմարվում իրենց երկրում հավասարապես պետական համարվող անգլերենի ու ֆրանսերենի իրողությունների հետ: Չէ՞ որ այդ լեզուներում անգամ տղամարդուն ու կնոջն են տարբեր դերանուններով նշում: Իսկ թե իրենց գովերգած համասեռամոլների մասին խոսելիս ո՞ր սեռի դերանունն են նախընտրում, դա էլ մի ուրիշ «խտրականության» աղբյուր է: