Սաուդյան Արաբիայի հակակոռուպցիոն պայքարի «ավարը»` 106 մլրդ դոլար

Երբ անցյալ տարվա նոյեմբերին լուր տարածվեց, թե Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի տասնյակ անդամների ձերբակալել են չարաշահումների և խոշոր գումարների յուրացման մեղադրանքով` շատերին գուցե թվաց, թե դա աշխարհի համար այնքան էլ նշանակալի իրադարձություն չէ: Գուցե դա, իրոք, մյուս պետությունների վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, սակայն որոշակի դասեր կարծես թե տվեց:

Այդ դասը վերաբերում է աշխարհի գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կառույցները խեղդող կոռուպցիային (որպեսզի միջազգային կառույցները «կոռուպցիա» բառից հանկարծ չընդվզեն, հիշեցնենք թեկուզ «ադրբեջանական լվացքատան գործոնը»), ավելի ճիշտ` դրա դեմ պայքարի արդյունավետությանը:  

Եվ այսպես, կոռուպցիայի համար մեղադրվող իշխանների, նախկին նախարարների և ձեռնարկատերերի հետ մինչդատական կարգավորման շրջանակում Սաուդյան Արաբիան 106 մլրդ դոլար է շահել: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը, հայտարարել է Թագավորության գերագույն դատավոր Սաուդ ալ-Մուաջիբը:

Ըստ նրա` ընդհանուր առմամբ գործով անցել է 381 մարդ, և այժմ հակակոռուպցիոն արշավի շրջանակում ձերբակալվածներից կալանքի տակ մնացել են ընդամենը 56-ը: Առաջարկված այլընտրանքից հրաժարված այս անձանց անունները չեն հրապարակվել,բայց գործերը դատարան են հանձնվել:

Ուշագրավն այն է, որ ձերբակալված բոլոր բարձրաստիճան անձինք ոչ թե բանտերում են պահվել, այլ մայրաքաղաք Էր-Ռիայդի Ռից-Կառլտոն շքեղ հյուրնոցում: Հայտարարվել է, որ նրանք բոլորը հյուրանոցից արդեն դուրս են եկել, իսկ հաստատությունը փետրվարի 14-ից կվերադառնա իր սովորական աշխատակարգին:

Սաուդյան Արաբիան ու Հայասատանը, իհարկե, մշակույթով, կրոնով, ավանդույթներով ու պատմությամբ իրարից շատ հեռու են, սակայն ֆինանսական և պաշտոնական դիրքի չարաշահման հանցագործությունների տեսանկյունից, թերևս, ընդհանուր շատ բան ունեն: Սաուդյան Արաբիայում դրա դեմ պայքարի վճռականություն դրսևորեց թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդին` Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն Կոմիտեի ղեկավարը և հաջողացրեց շատերի հետ գործարք կնքելով` թե՛ պետությունը 106 մլրդ դոլարով հարստացնել, թե՛ շատերի ախորժակը զսպել:

Վատ չէր լինի` նման մի թագաժառանգ էլ մեր երկրում հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տաներ` պետության բյուջեն հարստացնելով, անկուշտների ախորժակին էլ կողպեք դնելով: