Սահմանափակող գլխավոր խաղացողն ու սահմանափակվող գործիքը

ԱՆԿԱՐԱՆ ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ Է ՍՏԱՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻՑ՝ ՍԿՍԵԼՈՒ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի նախագահը, միայն օրեր առաջ բացատրելով «Ձիթենու ճյուղ»  զինվորական ներխուժման նպատակը, հայտարարում էր՝
 
- Մանբիջը պիտի ձերբազատենք ահաբեկիչներից… որովհետև նրանք այդ տարածքի իսկական տերերը չեն. իսկական տերերը մեր արաբ եղբայրներն են: Մեր գործողությունները պիտի շարունակենք ու հասնենք մինչև իրաքյան սահման՝ վնասազերծելու բոլոր ահաբեկիչներին։
 
Միայն օրեր հետո Թուրքիայի կառավարությունը հաղորդում էր, որ «Ձիթենու ճյուղ»  գործողությունը սահմանափակ է, և դրա թիրախը Աֆրինի շրջանում գտնվող ահաբեկիչներն են:
 
Անկարայի կողմից իբրև թե Սիրիան ահաբեկչազերծելու քաղաքականությամբ արդարացվող ներխուժումն իր էությունը և ուղղությունն սկսել է փոխել երևութապես: Իսլամական ջիհադի, ահաբեկչազերծման, քրդական գործոնի չեզոքացման դրոշների ներքո պատերազմ մղելով՝ Անկարան ըստ էության իր հին հանգերգն է փորձում իրականության վերածել: Անվտանգության գոտիների ստեղծման Անկարայի ծրագիրը, որը մերժվում էր միջազգային համաժողովներում, հիմա առարկայացման հանգրվաններ  է արձանագրում։
Անվտանգության գոտու սահմանագծումը հեշտ չի ընթացել: Որքան էլ թուրքական զորքերի տեղաշարժը համաձայնցված և թույլատրված ներխուժում լիներ դեպի Աֆրին, այնուամենայնիվ որոշ գոտիներում մ«ի քայլ առաջ-երկու քայլ հետ» տեղապտույտները տեսանելի են դառնում: 
 
Սահմանափակումը, որի մասին ակնարկ է անում պաշտոնական Անկարան, խորքում թուրքական ուժերին պարտադրված սահմանափակում է: Քրդական զինյալ խմբավորումներն այնքան չպիտի չեզոքացվեն, որ Անկարան կարողանա իր առաջադրած գոտիները վերահսկողության տակ առնել: Միաժամանակ սակայն, Սիրիայի տարածքում քրդերի աշխարհագրական միավորումը չպիտի կայանա, որպեսզի իրողապես ինքնավար իրավիճակը նոր միտումներ չպարզի:
 
Ուժերի հավասարակշռման այս խաղի կանոնները որոշ առումով թելադրում է գլխավոր խաղացող Ռուսաստանը, որը ահա ստանձնել է միջնորդությունը քրդական ուժեր-Դամասկոս բանակցությունների գործընթացում:
Այդ բանակացությունները նպատակադրում են Աֆրինի վերահսկողությունը հանձնել պաշտոնական Դամասկոսին:
 
Եթե դա իրականանա, ինչպե՞ս կմեկնաբանվի մինչ այդ պատահածը: Անկարան կանաչ լույս  է ստանում Մոսկվայից՝ սկսելու ներխուժման գործողությունը: Համեմատաբար արագ ներխուժմանը հաջորդում են լուրջ դիմադրություններ: Վերագրավվում են դիրքեր, որոնք քրդերը կորցրել էին: Քուրդ-թուրք պատերազմը որոշ տեղերում կերպարանափոխվում է և վերածվում ընդհարումների՝ կառավարական ու դրանց հենած ժողովրդային ուժերի և սիրիական ընդդիմադիր ուժերի միջև: Կտրուկ կշռույթներով երկու ուղղություններով էլ գրավում են, կորցնում և վերագրավում կարևոր դիրքեր:
 
Այս բոլորին զուգահեռ, միայն օրերի տարբերությամբ, թուրքական հոխորտանքները մինչև իրաքյան սահմաններ ներխուժում ծավալելու՝ կվերածվեն սահմանափակվելու որոշումների: Մինչ, քաղաքական բանակցային գործընթացը՝ թե՛ Աֆրինի ճակատագիրը ճշտելու տեղական առումով և թե՛ Սոչիի բանակցությունները, դարձյալ գլխավոր միջնորդի նախաձեռնությամբ Սիրիայի հանգուցալուծման ուղիները ճշտելու՝ տեղի կունենան միևնույն օրերին:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր