Թրամփի շնորհիվ ԱՄՆ-ը դարձյալ հաղթում է

Դոնալդ Թրամփն այնպես է գովում սեփական գլուխը ու անընդհատ խոսում տարած հաղթանակների մասին, որ ակամա հիշում ես հայկական ասացվածքը՝ արջն իր ահից գոռում է: Ճիշտ է՝ միջազգային ասպարեզում արջի կերպարանքով սովորաբար ՌԴ-ն են ընկալում, սակայն ասացվածքի բառերը չես փոխի:
 
Դավոսի տնտեսական համաժողովին մեկնելուց առաջ «Թուիթեր»-ում Թրամփն իր ու իր երկիրի հասցեին գովաբանական գրառում է արել: 
 
- Շուտով մենք ելույթ կունենանք Դավոսում, որպեսզի պատմենք, թե դարձյալ ինչ հզոր երկիր է դառնում Ամերիկան: Մեր տնտեսությունը ծաղկում է, իսկ իմ գործողությունների շնորհիվ շատ ավելի կբարգավաճի… Մեր երկիրը վերջապես դարձյալ հաղթում է,- գրել է Թրամփը:
 
Հունվարի 23-ին շվեյցարական Դավոսում մեկնարկած 48-րդ համաժողովում ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել երրորդ օրը: Իր «հաղթական» ելույթում, ի թիվս այլոց, նա խոսել է նաև Երուսաղեմի վերաբերյալ իրենց ծրագրերի մասին և հայտարարել, թե արդեն հաջորդ տարի այդ քաղաքում ԱՄՆ-ի «փոքրիկ» դեսպանատուն կգործի: 
 
- Իսրայելի հետ մեր հարաբերություններն ամուր են ու զարգանում են շատ ոլորտներում, այդ թվում՝ առևտրի: Մեր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելը շատ կարևոր և պատմական փաստ է: Մենք հույս ունենք, որ հաջորդ տարի այնտեղ կբացվի դեսպանատան փոքր մասը,- համաժողովի ամբիոնից ընդգծել է Թրամփը: 
 
ԱՄՆ նախագահը չի մոռացել հընթացս սպառնալ նաև պաղեստինցիներին`  խոստանալով դադարեցնել օգնության մատակարարումը, եթե Իսրայելի հետ բանակցությունների սեղանին չնստեն: Այս մասին էլ խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ դավոսյան հանդիպման ժամանակ:
Թրամփի խոսքով՝ պաղեստինցիները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել, քանի որ մեկ շաբաթ առաջ հրաժարվել են հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ:
 
- Մենք նրանց հարյուրմիլիոնավոր դոլարներ ենք տալիս: Այդ գումարները, որոնք նրանց տրամադրվում են, կարող են քննարկման առարկա դառնալ, եթե նրանք բանակցությունների սեղանի շուրջը չնստեն և խաղաղության վերաբերյալ բանակցություններ չսկսեն: Ես ուզում եմ ընդգծել, որ Իսրայելն իսկապես խաղաղություն է ցանկանում, և նրանք  ևս պետք է խաղաղության ձգտեն, այլապես մենք նրանց հետ գործ չենք ունենա,- հայտարարել է Թրամփը:
 
Այս խոսքերը վերստին շատ հստակ փաստում են, որ քաղաքականությունն իրոք իսկական առևտուր է: Համաշխարհային տնտեսական համաժողովն էլ այն հարթակն է, որտեղ առաջին դիտակետում հենց առևտուրն է: Եվ ուրեմն՝ կեցցե քաղաքական առևտուրը, որն այդպիսի ցնցող հաղթանակներ է բերում ԱՄՆ-ին: