ԵՄ-ն հակակշի՞ռ ԱՄՆ-ին

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վերջին ժամանակներում անսովոր բան է նկատվում միջազգային քաղաքականության ասպարեզում՝ Եվրոպան սկսել է ԱՄՆ-ից տարբերվող կարծիքներ հայտնել, նույնիսկ պնդել: Սրա համապատկերին հատկանշական է մանավանդ Պաղեստինի վերաբերյալ որդեգրված քաղաքականությունը:
 
Եվրոպան ոչ միայն ժամանակին հավանություն չտվեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու թրամփյան հաստակողությանը, այլև երեկ մտադրություն է հայտնել Պաղեստինի հետ ասոցացման համաձայնագիր կնքել:
 
Այդ մասին ԵՄ արտաքին գործերի նախարարների հունվարի 22-ի հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ Պաղեստինի պետության ղեկավար Մահմուդ Աբբասի ներկայությամբ: 
 
- Մենք ցանկանում ենք նախագահ Աբբասին հայտնել, որ Եվրամիությունը մտադիր է Պաղեստինի հետ հարաբերություններում ժամանակավոր համաձայնագրից (խոսքը գործընկերության մասին համաձայնագրին է վերաբերում) անցում կատարել ասոցացման համաձայնագրի,- ասել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: 
 
Եվրամիությունում նույն օրը շոշափել են նաև Իրաքի խնդիրը և նրա նկատմամբ նոր ռազմավարություն են ընդունել՝ դարձյալ արտգործնախարարների հանդիպման նիստի շրջանակում:
 
- ԵՄ-ն հավաստում է, որ կողմնակից է Իրաքի հետ կայուն գործընկերությանը, որը հաստատվել է համագործակցության և կոոպերացման համաձայնագրով, ինչպես նաև Իրաքի իշխանություններին աջակցում է վերակառուցման փուլում, քաղաքական, սոցիալական և տնտեսական անկայունության դեմ պայքարում,- ասվում է տարածված փաստաթղթում:
 
Իրաքի նկատմամբ Եվրամիության նոր ռազմավարության առանցքում հանգուցային յոթ կետ է՝ Իրաքի միասնությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապա նաև էթնիկական և կրոնական բազմազանության պահպանումը, քաղաքական համակարգի ամրապնդումը, մարդասիրական օգնության տրամադրումը և աջակցությունը վաղ վերականգնման գործում: 
 
Փաստաթուղթը ենթադրում է նաև երկրում առաջ մղել տնտեսական կայուն աճը և դատական անկախ համակարգը: ԵՄ-ի նոր ռազմավարությունը ներառում է նաև Իրաքի հետ միգրացիոն երկխոսություն վարելը և «հարևանների հետ լավ հարաբերություններ պահպանելը» (հաղորդում է ՏԱՍՍ-ը):
 
Այս ամենը նշանակո՞ւմ է արդյոք, որ պաշտոնական Բրյուսելը փորձում է նպաստել Մերձավոր Արևելքի իրավիճակի բարելավմանը, որպեսզի այնտեղից ներթափանցող ներգաղթյալների հոսքի առաջն առնի: Չէ՞ որ որքան էլ վերջերս ԱՄՆ-ը փոխեց ներգաղթյալների վերաբերյալ Թրամփի ներմուծած խստացումները, բոլոր դեպքերում ռազմական գործողությունների թեժ գոտիներից և անապահով կյանքից փախուստ տվածների առաջին հանգրվանը Եվրոպան է: