Թուրքիան ու ԴԱԷՇ-ը` կրկին համընթաց...

ՆԵՐՔԻՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԳՅՈՒԼԵՆԱԿԱՆ ԵՆ, ԻՍԿ ԱՐՏԱՔԻՆՆԵՐԸ` ՕՋԱԼԱՆԱԿԱՆՆԵՐ

Սիրիական Աֆրին քաղաք թուրքական զինուժերի ոտնձգությունն Էրդողանը «արդարացնում է» հակաահաբեկչական գործողություններով...

Ծանոթ ու այլևս ձանձրացուցիչ ձեռագիր` ներքին ընդդիմադիրները բոլորը գյուլենական են, իսկ արտաքինները` բոլորը ՔԲԿ-ի օջալանականներ...

 

Սրան զուգահեռ թուրքական օրինաչափությամբ` սեփական ազգային շահի հեքիաթներն են, որոնք մերթընդմերթ ասվում են Էրդողանի, Չավուշօղլուի և այլոց կողմից...

Դեռ մինչև երեկ այդ ազգային շահերը, ըստ թուրքերի` ապահովվում էին Սիրիայի հարցում Ռուսաստանի և Իրանի հետ եռակողմ համագործակցությամբ, իսկ այսօր` արևմտյան դաշնակից երկրների առաջնահերթություններով..., ինչպես հենց երեկ հայտարարել է նույնինքն Էրդողանը:

Ինչևէ, նույն «հակաահաբեկչական» Թուրքիայի Աֆրին ներխուժմամբ խրախուսված` ԴԱԷՇ-ական հրոսակները ևս Դեր Զորի ուղղությամբ դիմել են նոր ոտնձգությունների:

Թէ՛ Թուրքիայի, և թէ՛ ԴԱԷՇ-ի համընթաց գործողությունները, հակաասադական ու հակաքրդական սադրանքներից առավել, միտում են Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային շահերի վնասմանը` հօգուտ ինչպես արևմտյան կոալիցիոն ուժերի և Իսրայելի, այնպես էլ` արաբական լիգայի հակաիրան թևերի...:

Թե ինչպես է արդյունավորվելու հենց երեկ Ռուսաստանի և Իրանի պատասխանատուների արձագանգը` Թուրքիայի սադրիչ քայլի ուղղութեամբ, կպարզվի մոտ օրերս Սոչիում կայանալիք Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հերթական նիստում: Անշուշտ` եթե չբեկանվի նախատեսված  հանդիպումը:

 

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ
«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր