Թուրքիան արդեն այնքա՞ն էլ գրավիչ չէ

Զբոսաշրջության գումարներով իր բյուջեն լցնող Թուրքիան այս տեսանկյունից դժվարություններ է կրում, քանի որ մեկ տարվա ընթացքում ամբողջ 32 տոկոսի անկում է ունեցել: Այսինք՝ հնարավոր այցելուների երեքից մեկը հրաժարվել է Թուրքիան ընտրել որպես զբոսաշրջության վայր:  Կարո՞ղ է պատահել՝ իրենց երկրից դուրս հանգիստն անցկացնելու սիրահարները մի փոքր ավելի քաղգրագետ են դարձել ու սկսել են գնահատել Թուրքիայի նաև բացասական կողմերը… 
 
Թուրքական «Ջումհուրիեթը» անվտանգության գլխավոր շտաբի տվյալներից առանձնացրել է նաև 1017թ. հունվար-փետրվարին այդ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը՝ 2 մլն 215 հազ. 307՝ նշելով, որ այն 8,12 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ժամանակաշրջանի տվյալներին: Թուրքիա այցելողների նախընտրությունը կանգ է առել Ստամբուլի վրա. դրան հաջորդում են Արդվինը, Էդիրնեն, Անթալիան, Բայազետը:  Զբոսաշրջիկները հիմնականում հարևան Վրաստանի, Իրանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իրաքի քաղաքացիներն են եղել:  
 
Այս ցանկում Ռուսաստանի անունը բացակայում է թերևս մեկ պատճառով՝ ծավափնյա տարեշրջանը դեռևս չի բացվել: Որքան էլ ամեն տարի լուրեր են տարածվում, որ Անթալիայում կամ Թուրքիայի այլ վայրերում ռուս զբոսաշրջիկների հետ տարբեր դժբախտություններ են պատահում, գրպանում փող ունեցող ռուսաստանցու համար այդ վայրերի հմայքը չի մարում: Իհարկե՝ մարդկանց այնտեղ գրավում են նաև հնագույն մշակույթների հետքերը, որոնց պատկանելությունն ամեն կերպ սքողվում է, սակայն այդ երկրի կառավարության կողմից շատ լավ օգտագործվում է հօգուտ իր ամենատարբեր շահերի: Դրա վառ օրինակն է Պորտասարի հնավայրը՝ համարյա 12 հազ. տարվա քաղաքակրթության անուրանալի ապացույցներով, որը փառահեղորեն աշխարհին են ներկայացնում որպես Թուրքական Գյոբեկլի թեփե:
 
Թուրքիայում զբոսաշրջության զարգացումը, իհարկե, վերջին տարիներին դռներ է բացել նաև Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր առիթն օգտագործում են՝ լինելու կորուսյալ հայրենիքի հայակարոտ վայրերում, ուսումնասիրություններ անելու, որոշ դեպքերում այնտեղ ապրողների ննջող գիտակցության մեջ հայ լինելու իրողությունն արթնացնելու: Երևի սա էլ չպետք է մոռանանք, քանի դեռ այնտեղ գնալու ամենակարճ ճանապարհը զբոսաշրջությունն է: