Օսմանյան կայսրության վերականգնումը` որպես նպատակ

Եվ այսպես, Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ ցամաքային գործողություններ ձեռնարկեց` տանկերով գրոհելով Արֆինը: Քրդերի ինքնապաշտպանության ջոկատների (PYD) ներակայացուցիչ Նուրի Մահմուդի խոսքով` Թուրքիայի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին շրջաններից մեկը:

- Այժմ նրանք փորձում են թուրքական հենակետեր ստեղծել, և դա կդառնա Ալեքսանդրեթի սանջաքի նմանությամբ մի նախագիծ,- Մահմուդի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ-նովոստին»:

Ուշագրավ է, որ Սիրիայի մի մասը` այս տարածքը, 1915-1918թթ. եղել է Օսմանյան կայսրության կազմում։ 1918թ. նոյեմբերին այն անցել է անգլիացիների, այնուհետև` ֆրանսիացիներ ձեռքը։ Հենց այստեղ է գտնվում հայերիս լավ հայտնի Մուսա լեռը։ 1920թ. Ալեքսանդրեթի սանջաքը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված

Սիրիայի կազմի մեջ։ 1937թ. այն ձևականորեն մնացել է Սիրիայի կազմում, սակայն իրականում անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938թ. այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը, որը հաջորդ տարի միացվել է Թուրքիային։

Սիրիան այդ բռնակցումը չի ճանաչել։

Քրդական ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցչի խոսքերով` թուրք զինվորականների հենակետը սիրիական Ազազ, Էլ-Բաբ և Ջարաբլուս քաղաքներն են: Ցամաքային հարձակումն սկսվելուց հետո Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդրդըմը հայտարարել է, թե «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում պետք է սիրիական Արֆինի շրջանում 30 կիլոմետրանոց  «անվտանգության գոտի» ստեղծեն:

Թուրքիայի գործողությունները վերստին իրարանցում են առաջացրել տարբեր երկրների պաշտոնական շրջանակներում: Դրան արդեն դեմ են արտահայտվել Ֆրանսիան, Գերմանիան: Իր ռուս ու թուրք գործընկերների հետ իրավիճակը քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնն, իսկ Իսրայելը շեշտել է, թե առանց ԱՄՆ-ի մասնակցության` Մերձավոր Արևելքում իրավիճակը չի բարելավվի: Ուշագրավ է, որ հայկական լրատվամիջոցներն էլ կարծիք էին հայտնում, թե իրավիճակի բարելավումը պայմանավորված է Սևրի պայմանագրի իրականացմամբ:

Որ Թուրքիան հեռուն գնացող նպատակներ ունի` շատերն են ասում: ՌԴ Պետդումայի` իր ճառախոսությամբ լավ հայտնի Ժիրինովսկին, օրինակ, օրերս խոսում էր Ռուսաստանի ընտրության մասին` Իրա՞ն, թե՞ Թուրքիա: Նա հիշեցրեց, որ ՌԴ-ի կազմում ու հետխորհրդային  տարածքում բազմաթիվ թյուրքալեզու ժողովուրդներ կան, և եթե Թուրքիան միանա ԵԱՏՄ-ին` ուղղակի կներխուժի ամենայն ռուսականի մեջ և կարճ ժամանակում ամեն ինչ իր ձեռքը կառնի, վտանգ, որը Իրանից իրենց չի սպառնում:   

Պանթուրքիզմն ու Օսմանյան կայսրության երազանքը Թուրքիային երբեք դադար չեն տվել, իսկ հոտի պես ենթարկվող զանգվածներին գործողության մղողներին բնավ չեն մտահոգում թափվող արյունը, ավերածությունները,  հսկայական կորուստները: Եվրոպան և աշխարհի մնացած մասն այդպես էլ չհասկացան, որ խաղաղություն չի հաստատվելու` քանի դեռ աշխարհում պանթուքիզմը բնօրրանում չի խեղդվել:

Եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան գոնե պատրվակ են բերում, թե ուրիշների վրա ցանկանում են իշխել` նրանց քաղաքակրթելու և ժողովրդավարություն սովորեցնելու համար, ապա ո՞րն է քաղաքակրթությանը սոսկ գողանալով առնչվող և բռնապետությունը էության բաղադրիչ ունեցող Թուրքիայի նպատակը: