Չորսհազարամյա ընտանեկան գաղտնիքի «բացահայտումը»

Ճշմարտություններ կան, որոնք որքան էլ պարտակվեն, անգամ հազարամյակներ անց կարող են ջրի երես ելնել: Նման մի ճշմարտություն, որն այսօր արդեն այնքան էլ կարևոր չէ, հնարավոր է եղել պարզել եգիպտական 4000-ամյա մումիաների ԴՆԹ քննության միջոցով: Այն երևան է հանել ընտանեկան մի գաղտնիք:
 
1907թ. հայտնաբերվել է երկու տղամարդու միասնական թաղում, իսկ գտնված գաղափարագիր արձանագրությունը ազդարարում է, որ այնտեղ հանգչում են տեղական «նահանգապետի» որդիները: Նշված են եղբայրների անունները, ինչպես նաև նրանց մոր անունը: Արդեն 111 տարի գիտնականները փորձում են պարզել՝ միասին թաղված տղամարդիկ իրո՞ք եղբայրներ են:  
 
Վերջապես մեր ժամանակներում հնարավոր է եղել ստանալ հարցի ճշգրիտ պատասխանը, այն էլ՝ ԴՆԹ մանրակրկիտ քննության շնորհիվ: Ազգակցական կապը պարզելու նպատակով միաժամանակ ուսումնասիրվել են մումիաների միտոքոնդրիալ ԴՆԹ-ն և ԴՆԹ-ի Y-քրոմոսոմները: Դրանցից առաջինը մարդը ժառանգում է մայրական կողմից, երկրորդը՝ հայրական:  «Journal of Archaeological Science» ամսագրում հետազոտության արդյունքները հրապարակել են Մանչեսթրի համալսարանի գիտնականներ Կոնստանտինա Դրոսոուն, Քեմփբլ Փրայսը և Թերենս Բրաունը:
 
Գիտնականների աշխատանքը հավանաբար վեր է հանել ընտանեկան դավաճանության հերթական դեպքը՝ պարզվել է, որ եղբայրների մայրն իրոք ընդհանուր է, սակայն հայրերը տարբեր են: Իհարկե, չի բացառվում, որ «նահանգապետը» պարզապես որդեգրած լիներ իր կնոջ որդուն և նրան իրենը համարելով՝ հուղարկավորեր հարազատ որդու հետ միասին: Սակայն սա, իհարկե, քիչ հավանական է: 
 
Հայտնի է, որ Եվրոպայում, Ռուսաստանում եկեղեցական մատյաններն ուսումնասիրելով՝ հնարավոր է եղել բացահայտել հանրահայտ շատ մարդկանց ազգակցական կապերը: Իսկ հիմա արդեն շատ ավելի մեծ ճշգտությամբ է որոշվում, թե ով ում հետ ազգակցական ինչ կապ ունի: Չի բացառվում, որ գիտնականներն սկսեն համատարած կերպով ուսումնասիրել բոլոր մումիաների ԴՆԹ-ները, որպեսզի պարզեն, թե որը որին ինչ չափով է ազգակից: 
 
Բնականաբար, չի անտեսվի նաև նրանց ռասայական և ազգային պատկանելության հարցը, սակայն ամենայն հավանականությամբ դա հանրության սեփականությունը չեն դարձնի: Չէ՞ որ վտանգ կա, որ մինչև մեր օրերը հասած որևէ ազգ, ինչ-որ հանրություն հանկարծ կիմանա, որ ինքն է եգիպտական հոյակապ քաղաքակրթությունը ծաղկեցրել ու կսկսի մեծ-մեծ բաների հավակնել: Ուրիշ բան, եթե մումիաների ԴՆԹ քննությունը ի զորու լինի ապացուցել այնպիսի պատկանելություն, ինչպիսին աշխարհում այսօր ազդեցություն ունեցող որոշակի ուժերի է ձեռնտու: