Չճանաչված ատոմը կործանարար չէ՞

Միացյալ Նահանգները հրաժարվում է Հյուսիսային Կորեան միջուկային պետություն ճանաչել և համոզված է, որ աշխարհի մնացած մասը նույնպես իրեն կաջակցի այդ  հարցում: Վանկուվերում գումարված գագաթնաժողովում նման համոզմունք է հայտնել ԱՄՆ արտաքին գործերի գլխավոր պատասխանատու Ռեքս Թիլերսոնը:
 
Այնտեղ են հավաքվել 16 պետությունների արտգործնախարարներ, որպեսզի քննարկեն ԿԺԴՀ-ի շուրջը ստեղծված իրավիճակը: Գագաթնաժողովը Կանադայի հետ համատեղ նախագահող ամերիկյան կողմը, ինչ խոսք, այնտեղ ամենաաշխույժ գործունեությունն է ծավալել:
 
- Միացյալ Նահանգները Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Ճապոնիայի, Ռուսաստանի, ամբողջ միջազգային հանրության հետ Հյուսիսային Կորեայի վարչակարգին հայտարարում է՝ մենք չենք կարող ձեզ որպես միջուկային տերություն ընդունել և չենք ընդունի,-ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է հաղորդել ՏԱՍՍ-ը: 
 
Թիլերսոնը զգուշացրել է, թե Փհենյանի կողմից շարունակվող սադրանքները չպետք է առանց զգալի և հստակ հետևանքների մնան: Եվ, իհարկե, ինչպես միշտ` խոսել է պատժամիջոցներից: 
 
- Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները լիարժեքորեն իրականացվեն՝ դրանք ընկալելով որպես օրենքի տառ: Մեր կոչը հատկապես ուղղում ենք Ռուսաստանին և Չինաստանին: Պատժամիջոցներն ամբողջովին իրականացնելն ամենակարևորն է՝ նրանց ժողովուրդների անվտանգությունն ապահովելու գործում, ինչպես նաև հստակ ազդանշան է՝ միջազգային պարտավորությունների նկատմամբ հարգալից վերաբերմունքի,- ասել է Թիլերսոնը:
 
Ի՞նչ է ստացվում. ԱՄՆ գլխավոր դիվանագետի կարծիքով՝ եթե աշխարհը ԿԺԴՀ-ն որպես միջուկային տերություն չճանաչի, նրա ամբողջ միջուկային զինանոցը մի դիպվածով անհետանալո՞ւ է: Եթե Փհենյանի հրահանգով արձակված միջուկային մարտագլխիկները պայթեն որևէ բնակելի վայրում, վնաս չեն պատճառելու, որովհետև ճանաչված չե՞ն: 
 
Երևում է՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը մեծ նշանակություն է տալիս ճանաչված լինելուն: Դրա համա՞ր է, որ մինչև օրս Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում՝ «եթե ինքը չի ճանաչում, ուրեմն չի էլ եղել» տրամաբանությա՞մբ: Մինչդեռ միանգամայն ակնհայտ է, որ եթե ժամանակին ճանաչեին, կանխեին ու կրկնություններ թույլ չտային, մարդկությունն այսօր ավելի լավ աշխարհում կապրեր: Եվ այդ դեպքում աշխարհին ո՛չ Հյուսիսային Կորեան կսպառնար, ոչ էլ մյուս միջուկային տերությունները, որոնք այժմ Վանկուվերում հավաքված՝ մտածում են, թե ինչպես անեն, որ իրենց ատոմով իշխեն մնացածներին: