«Հոգեկանները»` պետությունների ղեկի՞ն

Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնը հորդոր է ստացել նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան առողջությունը ստուգող թեստ անցկացնել:

Ամերիկացի բժիշկներն ու առողջապահության ոլորտի աշխատողներն իրենց նամակում նշել են, թե հոգեբանական պարբերական հետազոտություններն անհրաժեշտ են 66-ն անց բոլորին, այդ թվում նաև 71-ամյա նախագահին:

Ամերիկացի բժիշկներն իրենց կոչը հիմնավորել են Թրամփին բնորոշող «արտաքին ախտանշաններով»: Նրանք առանձնացրել են ոչ այնքան պարզ խոսքը, բառերը հաճախակի կրկնելը, շարժումները հարկ եղածին պես համակարգել չկարողանալը, տեղեկատվությունն ընկալելու հետ կապված խնդիրները, աղքատացող բառապաշարը:

- Եթե համապատասխան ստուգում չանցկացվի, ամերիկացիները նախագահի առողջության մասին համապատասխան տեղեկություն չեն ունենա,- իրենց հորդորը պնդել են նամակագիրները` խնդրելով զննել Թրամփի նյարդային համակարգը, ապաև թուլամտությունը բացահայտող կայուն թեստերի միջոցով որոշել, թե ինչ չափով է նա ընկալում տեղեկատվությունը:

Ամերիկացի բժիշկների նամակը հաջորդել է Ռոնի Ջեքսոնի իրականացրած բուժզննմանը և հայտարարությանը, թե ԱՄՆ նախագահը հոյակապ առողջություն ունի: Ընդ որում` նախօրոք հայտարարվել էր, թե Սպիտակ տան բժիշկը մտադրություն չունի զննել Թրամփի հոգեկան առողջության վիճակը:

Այն, որ նախագահ դառնալու օրից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհավասարակշիռ մարդու տպավություն է թողել` թերևս կասկածից վեր է: Իսկ քաղաքական վճիռներ կայացնելիս ու հայտարություններ անելիս նրա սևեռուն գործելակերպը շատ ավելի խոսուն է: Ի վերջո` կյանքի 8-րդ տասնամյակն ապրող մարդկանցից քչերն են մտքի կորովն ամբողջովին պահպանած լինում, իսկ ամբողջ աշխարհը բռի մեջ հավաքելու անթաքույց ձգտումներ ունեցող ԱՄՆ-ի նախագահը գոնե պետք է ողջամիտ մարդ լինի: Սակայն ի՞նչ ողջամտություն ակնկալես մի մարդուց, որն առանց նույնիսկ կեղծ համեստության նշույլի` հայտարարեց, թե ինքը հանճար է: 

Պայթյունավտանգ մեր մոլորակի բազմաթիվ պետությունների ղեկավարներ, Թրամփի նման, հոգեկան հիվանդների տպավորություն են թողնում: Ամերիկացիների այս կոչը թերևս կարելի է տարածել բոլոր երկրների վրա և նախագահական ընտրություններից առաջ հրապարակել բոլոր թեկնածուների հոգեկան առողջության վիճակը, ընդ որում` վստահելով բացառապես անկախ ու անկաշառ, իրենց գործի գիտակ բժիշկների հետազոտությանը: