Ուկրաինայի ադրբեջանցիներին ո՞վ կպաշտպանի

Երևում է՝ Ուկրաինայում սկսել են ադրբեջանցիներին վատ աչքով նայել,  նրանք էլ որոշել են պաշտպանություն խնդրել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից:
 
Հունվարի 10-ին շուրջ 150 ադրբեջանցիներ, ձեռքներին Ուկրաինայի և Ադրբեջանի դրոշներ, բողոքի ցույց են արել նախարարության շենքի մոտ և հայազգի նախարարին կոչ արել՝ պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները: Նրանք կրել են պաստառներ՝ «Պաշտպանեք մեր կյանքերը», «90-ականները վերադառնում են» և նման գրություններով:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ուկրաինայում ադրբեջանցիների սպանությունների և մահափորձերի դեպքերը շատացել են, հարձակումներ են եղել գործարարների կառույցների վրա, ճնշում է գործադրվել Կիևում բնակվողների նկատմամբ:
 
Թե իրականում ինչ է կատարվում Ուկրաինայի ներսում և որքա՞ն վտանգավոր երկիր է այն հենց բուն ուկրաինացիների համար, կարող ենք միայն ենթադրություններ անել՝ դատելով մեզ հասնող տեղեկատվությունից: Մի բան հաստատ գիտենք՝ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Ուկրաինան բոլոր սկզբունքային հարցերում կանգնել է Ադրբեջանի թիկունքին՝ ի վնաս հայերիս, և եթե հիմա այնտեղ ադրբեջանցիներին նեղում են, ապա դժվար թե դա այդ երկրի իշխանությունների ընտրությունն է:
 
Այն, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ի պաշտոնե պարտավոր է կարգ պահպանել ու ապահովել երկրի քաղաքացիների ու բնակիչների անվտանգությունը՝ կասկածից վեր է: Ինչպես կվարվի Ավակովը, դա էլ ժամանակը ցույց կտա: Բայց որ հային ոչնչացնելու մոլուցքով տառապող ադրբեջանցիները հիմա ստիպված են հայազգի նախարարից պաշտպանություն խնդրել՝ ուղղակի զավեշտալի է: