Նավթագազային դարաշրջանն ավարտի՞ն է մոտենում

Որ նավթի և գազի պաշարներն անսպառ չեն, ու մերօրյա թափով դրանք արդյունահանելը մի օր մոլորակը զրկելու է այս պարգևներից՝ կասկած չի հարուցում: 2017թ. իրավիճակը վերլուծող մի կազմակերպություն առաջին փաստական ահազանգն է հնչեցրել: Ընթացիկ տարում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է ընդամենը 6,7 մլրդ տոննա նավթ, որը վերջին 70 տարվա ամենացածր ցուցանիշն է:
 
Տեղեկությունները հավաքել և վերլուծել է նորվեգական Rystad Energy անկախ ընկերությունը:  
 
 - Մենք 40-ականներից այս կողմ նման բան չէինք տեսել: Հայտնաբերված ծավալները կազմել են ամսական միջինը 550 մլն բարել նավթային համարժեք,- ընկերության ավագ վերլուծաբան Սոնի Փասոսի խոսքն է մեջբերել ռուսական «Ռիա նովոստին»: 
 
Փորձագետի կարծիքով՝ սպառողի համար առավել տագնապահարույց է այն փաստը, որ նավթի և գազի հայտնաբերված հանքավայրերն ընդամենը 11%-ով են  ծածկել այս տարի արդյունահանված հումքի ծավալները, մինչդեռ, օրինակ, 2012թ. այդ ցուցանիշը 50%-ի է հասել:
 
Rystad Energy-ը նաև մատնանշում է, որ 2017թ. ընթացքում գտնված նավթի ու գազի պաշարներն ամենայն հավանականությամբ առանձնապես շահութաբեր չեն լինի, իսկ դրանցից ավելի քան 1 մլրդ ավելի բարելը չի կարող երբևէ արդյունահանվել:
 
Զարմանալին այն է, որ այս փաստը փորձագետներին տարակուսանք է պատճառել: Նրանք չգիտե՞ն, ի՞նչ է, որ մոլորակի ընդերքում նոր հանքեր չեն «արտադրվում», իսկ մեր մոլորակը ոչ թե ռտինե գունդ է, որ ինչքան ուզեն՝ փչեն, այլ որոշակի չափսեր ունեցող մարմին, որտեղ կարող է տեղավորվել որոշակի քանակությամբ նյութ:
 
Ու մինչ հանքարդյունահանողները դատարկում են մոլորակի ընդերքը, նորագույն տեխնոլոգիաները փորձում են շատ բնագավառներում իրենց վրա վերցնել նավթի ու գազի գործառույթները: Բայց քանի որ մոլորակի ընդերքից դուրս եկող հանքերը նաև ոռճացնում են որոշ պետությունների ու խոշոր ընկերությունների գրպանները, երևում է` վերադասավորումներն անխուսափելի են, և փող դիզելու մենաշնորհն ուղղությունը պետք է փոխի: