Նոր մեղսակից են գտել

ՄԻԱՅՆ ԹԵ ՏԱՆԴԵՄԸ ՉՓԼՈՒԶՎԻ

Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով նոր մարդ է ձերբակալվել: Մուստաֆա Թիմուր Օզքանը կազմակերպիչն է այն ֆոտոցուցահանդեսի, որի բացման արարողության ժամանակ ռուս դիվանագետին գնդակահարել էին: Թուրքական Yeni Safak-ը հաղորդել է, որ Օզքանին հարցաքննության նպատակով կանչել են Անկարայի դատախազություն, որն էլ նրա դեմ գործ է հարուցել որպես սպանության մեղսակցի: Իսկ դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:
 
Հիշեցնենք՝ Կառլովն սպանվել է 2016թ. դեկտեմբերի 19-ին, երբ ելույթ էր ունենում Անկարայում բացված «Ռուսաստանը՝ Կալինինգրանդից մինչև Կամչատկա, ճանապարհորդի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսում: Թուրքիայի իշխանությունների հաղորդել էին, թե հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մևլյութ Ալթնթաշը, որին անվտանգության ուժերը տեղում վերացրել էին: 
 
Օզքանից առաջ Կառլովի սպանությանը մեղսակից լինելու կասկածանքով ձերբակալել էին երեք ոստիկանի և Guru Medya հրատարակչական խմբի ղեկավար Հայրեդդին Այդընբաշին:
 
Երբ Ռուսաստանի դեսպանի հետ Անկարայում այդպես բացահայտ հաշվեհարդար տեսան, թվում էր՝ Թուրքիայի ու ՌԴ հարաբերությունների լարվածությունը երկար կտևի: Չէ՞ որ դրանից առաջ էլ թուրքական զինուժը ռուսական ռազմական ինքնաթիռ էր խփել:  
 
Բայց երևում է՝ ծավալապաշտությամբ իրար հետ մրցող այս երկու պետություններին միավորող գործոններն առավել հզոր են: Այս պահին Թուրքիայի համար ամենակարևորը գուցե ռուսական միջոցներով ատոմակայանի տեր դառնալն է, իսկ ամենակարևորը՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ունենալը: Ավելի հեռատեսներն ասում են, թե  Էրդողանը դրանով ցանկանում է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ցույց տալ, որ նրանց հույսին չի մնացել: 
 
Ահաև դատարանի առջև են կանգնեցնում դեսպանի սպանության մեղավորներին, որպեսզի Ռուսաստանին ապացուցեն, որ հրազենի ձգանը գործի դրած Մևլյութ Ալթնթաշի մեղսակիցը (կամ պատվիրատուն) պետությունը չէ: Ռուսաստանն էլ սիրով հավատում է. չէ՞ որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելն իր ծրագերի մեջ չի մտնում: Գոնե՝ առայժմ: Իսկ աշխարհը շարունակում է փոթորկվել մեծ տերությունների խարդավանքներից ու սադրանքներից: