Տարեվերջին մոլորակը դարձյալ մի վտանգից խույս տվեց

ՍԱ ԷԼ ՀԱՄԱՐԵՆՔ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Տիեզերքում և երկրամերձ տարածքներում վխտացող երկնաքարերը միշտ էլ սպառնում են մեր մոլորակի անվտանգությանը: Դրանցից մեկից Երկիրը կարողացել է անվտանգ ազատվել ընդամենը երեկ՝ դեկտեմբերի 28-ին:
 
Այն երկրի աստղագետներին տեսանելի է դարձել միայն դեկտեմբերի 25-ին, մինչ այդ կարծես խնամքով թաքնված լիներ: Առաջինը նկատել են ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Լեմոն լեռան վրա գտնվող աստղադիտարանի աշխատակիցները, որից հետո ՆԱՍԱ-ի մասնագետներն զգուշացրել են, որ մոտեցող երկնաքարը ավտոբուսի չափսեր ունի և մոտենում է մեծ արագությամբ:
 
Ժամում 21 500 մղոն արագությամբ սլանալով և Երկրի ու Լուսնի կողքով շարժվելով՝ 2017 YZ4 անվանումն ստացած երկնաքարը մեր մոլորակին մոտեցել է 139 433 մղոն, այնուհետև իր ուղին շարունակել է առանց մոլորակին վնաս հասցնելու (հաղորդել է «Ինդեփենդենթը»): Հեռավորությունն այնքան փոքր է եղել, որ երկրի մթնոլորտ մտնելու հավանականությունը շատ մեծ է եղել, ինչի հետևանքները կարող էին կործանարար լինել:
 
Տիեզերքը, կարող ենք ասել, այս անգամ էլ խնայեց մեր մոլորակը և իր թափառող երկնաքարը անվնաս հեռացրեց: Հիմա մնում է՝ Երկրի վրա ապրող մարդը հասկանա, որ անծայրածիր տիեզերքում մեր միակ ապավեն հողագունդը պատերազմներով, ահաբեկչությամբ, բնությունն աղտոտելով ու այլ անխոհեմ գործերով կործանելն անհամատեղելի է բանականության հետ:
 
Այս երկնաքարը մի դաս էլ է տալիս՝ տեղեկատվության ու զենքերի արտադրության ուղղություններով երևակայությունից վեր առաջընթացի հասած մարդկությունը կարծես թե դեռևս անզոր է իր մոլորակը պաշտպանել տիեզերական գոնե ոչ շատ մեծ մարմիններից: Ու սա այն դեպքում, երբ Մարսից ու Վենարայից, մյուս մոլորակներից,  ուրիշ աստղային համակարգերից լուրեր բերող սարքերի պակաս կարծես թե չկա: