Քեզ մի պահ ձուկ զգա՝ ակվարիում սարքելուց առաջ

ԿԱՍԵՐ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ

Երբ Հյուստոնում բնակվող վիետնամուհի Վենդի Յանգն իր մայրիկին ազգային կերակրատեսակներով հայտնի ռեստորան ընթրիքի է հրավիրել, մտածել է, թե դա մի սովորական հանդիպում է լինելու: Միայն թե մայր ու աղջիկ այնպիսի անսովոր բանի ականատասն են դարձել, որ երևի հիշելու են միշտ:
 
Մինչ ճաշասրահում խաղաղորեն ընթրող այցելուները միաժամանակ հիացել են այնտեղ տեղադրված ակվարիումում խայտացող ձկներով, ապակին հանկարծ ճաքեր է տվել, և ձկնախառն ջուրը սկսել է շիթերով հոսել: Տուժել են միայն ամենամոտ նստած այցելուները, քանի որ ռեստորանի աշխատակիցները միջադեպին շատ արագ ու ճշգրիտ են արձագանքել և գործել են միանգամայն ներդաշնակ: Ոմանք մարդկանց իսկույն տեղափոխել են ուրիշ սրահ և սպասարկումը շարունակել, մյուսները ջրաշիթերի տակ դույլեր են տեղադրել ու որսացանցերով փրկել ձկնիկներին:   
 
Թե ինչից է ապակին ճաքեր տվել ու կոտրվել՝ հնարավոր չի եղել պարզել: Մարդիկ մտածել են, թե պատճառը ակվարիումի հնությունն է, սակայն տերերը հերքել են դա: Բայց երևի ոչ մեկի մտքով չի անցել, որ ակվարիումն ուղղակի չի դիմացել ձկների տառապանքին, որոնց հարազատ միջավայրից պոկել ու բնակեցրել են թափանցիկ պատերով արհեստական «տան» մեջ: Դե, նրանց մեջ երևի չի եղել մեկը, ով փորձեր իրեն ձուկ զգալ:
 
Այդ ձկները դատապարտված են եղել ապակու հետևից դիտել ընդարձակ սրահում անցուդարձ անող մարդկանց, դիմանալ երաժշտության ու խոսակցությունների աններդաշնակ ձայներին, շնչել ծխախոտի, օծանելիքի,  ուտեստների ու խմիչքների անդուր բույրերը: Եթե անգամ ձկների զգայարաններն այս ամենի նկատմամբ ընկալունակ չեն, չէ՞ որ ասում են՝ ջուրը տեղեկատվություն է ընդունում և հաղորդում, իսկ նրանց միջավայրը ճաշասրահում կատարվող ամենայն ինչ «ընկալող» ջուրն է:
 
Մարդը բնության ու կենդանիների հետ վարվում է՝ ելներով սեփական գեղագիտական պահանջներից ու նորաձևությունից: Մարդն ամենակարող է, չէ՞. ով կխանգարի, որ տներում մի քանի ձկնիկ ապակե պատերի հետևում լող տա ու բնակիչներին զվարճացնի, կամ դեղձանիկը ցավից գեղգեղա՝ ականջ շոյող իր «մեղեդիով» փառավորելով մարդու հոգին: Բայց արի ու տես, որ բնությունը հաճախ հատուցում է: 
 
Ճիշտ է՝ գուցե Հյուստոնի վիետնամական ռեստորանում ակվարիումը շատ սովորական պատճառով է կոտրվել, բայց հանուն զվարճանքի բնության ներդաշնակությունը խախտելիս արժե նման բաների մասին մի քիչ խորհել: