Բրյուսելի նպատակը Շվեյցարիան որպես ֆինանսական կենտրոն թուլացնե՞լն է

Շվեյցարիան վաղուց է աշխարհին հայտնի որպես ֆինանսական կենտրոն, և Եվրամիության անդամ դառնալով՝ այդպիսին էլ մնացել է: Սակայն, քանի որ ԵՄ-ն միասնական կառույց է գիտակցվում և ղեկավարվում է Բրյուսելից, ամեն ինչ կարող է այլ ընթացք ստանալ:
 
Հենց երեկ Շվեյցարիայից բողոքի ձայն է հնչել, թե ԵՄ-ն իրենց երկրի նկատմամբ խտրականություն է դրսևորում՝ նպատակ ունենալով թուլացնել ֆինանսական կենտրոնի իր դերը:
 
Պաշտոնական Բեռնը խիստ է արձագանքել ԵՄ-ի ընդունած այն որոշմանը, թե  շվեյցարական բորսային իրավունքի համարժեքության ճանաչումը սահմանափակվում է մեկամյա ժամկետով: Իսկ սա շվեյցարացի ֆինանսիստների համար նշանակում է ԵՄ ընկերություններում գրանցված բաժնետոմսերի առքուվաճառքի սահմանափակում: Երկրի նախագահ Դորիս Լոյտհարդն էլ Բրյուսելի գործողությունը որակել է որպես խտրական գործելակերպ, որն ուղղված է Շվեյցարական Համադաշնության թուլացմանը, ապա և սպառնացել է համարժեք պատասխան տալ (հաղորդում է ՏԱՍՍ-ը): 
 
- Շվեյցարիան բորսային իրավունքի համարժեքության ճանաչման պայմանները կատարում է նույն կերպ, ինչպես և մյուս երեք պետությունները, որոնք ճանաչում են ստացել (ԵՄ-ի կողմից) առանց ժամկետի սահմանափակման: Այդ պատճառով մենք համարում ենք, որ ճանաչման սահմանափակումը խտրականություն է Շվեյցարիայի հանդեպ,- ասել է տիկին Լոյտհարդը: 
 
Բեռնը հավանաբար համարժեք լծակներ կգտնի ԵՄ-ի սահմանափակումների դեմն առնելու համար, հակառակ դեպքում գուցե սկիզբ դրվի ԵՄ-ից մի նոր պետության ելքին, որը երևի կկրի Switzexit անունը: Շվեյցարացիները դժվար թե թույլ տան, որ իրենց հարուստ ու ապահով կյանքը վտանգի ենթարկվի Բրյուսելի որոշումների պատճառով, որոնք գուցեև հիմնավորված են, սակայն իրոք շատ նման են խտրականության: