ԱՄՆ-ը դիմել է ՄԱԿ-ին, որպեսզի պատասխանատվության ենթարկի Իրանին

Իրանին պատասխանատվության ենթարկելու բուռն ձգտումը ԱՄՆ-ին հանգիստ չի տալիս: Սպիտակ տունը դեկտեմբերի 21-ին տարածել է մի հայտարարություն, որտեղ մեղադրել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին՝ հերթական անգամ Եմենի  խռովարար հուսերին զենք մատակարարելու համար:
 
Առիթը դեկտեմբերի 19-ին Եմենի տարածքից Էր-Ռիյադի վրա արձակված «Բուրկան-2» բալիստիկ հրթիռն է, որը քաղաքի հարավում որսացվել է և վնասներ չի պատճառել:
 
Խռովարարներն էլ հայտարարություն են տարածել, թե իրենց նշանակետում եղել է Յամայի արքայական պալատը, որտեղ նույն ժամին ընդլայնված նիստ էին գումարել Սաուդյան Արաբիայի պաշտոնատար անձինք: Իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան ու ԱՄՆ-ը սովորականի նման պատահածի համար մեղավոր են համարել Իրանին՝ վերստին պնդելով, թե հուսերին զենք է մատակարարում: 
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն առաջարկել է Իրանին արգելել, որ բալիստիկ հրթիռներ շահագործի: 
 
- Մենք ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ ենք անում պատասխանատվության ենթարկել Իրանին: Նա պատասխանատու է Անվտանգության խորհրդի բանաձևերի կրկնվող և  աղաղակող խախտումների համար: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում աջակցել Եմենում տեղի ունեցող պատերազմի քաղաքական լուծմանը: Միայն դա կարող է օգնել՝ երկարամյա կայունության հասնելու այդ երկրում և վերջ տալու Եմենի ժողովրդի տառապանքներին,- ասված է հայտարարության մեջ: 
 
Դե ինչ, ԱՄՆ-ը նախանձելի հետևողականությամբ փորձում է բոլոր հնարավոր միջոցներով ճնշել այն երկրներին, որոնց իր թշնամիներն է համարում: Հենց երեկ էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշը հայտարարել, թե Անվտանգության խորհրդի խնդիրը պետք է լինի կանխել հակամարտությունները, քանի որ մեր ժամանակներում դրանք առավել բարդ ու երկարատև են դարձել: Արդյոք Գուտերիշի այս հայտարարությունը չէ՞, որ ԱՄՆ-ին ոգեշնչել է անմիջապես դիմել ԱԽ-ին, որպեսզի մի ծանր հակամարտություն կանխած լինի: Ձեռքի հետ էլ կնեղի իր բազմամյա հակառակորդ Իրանին, որի հետ միջուկային պայմանագիրը խզել կարծես թե չի ստացվում: