Տարեվերջյան վարկանշավազք` հանուն ապագա քվեների

Պետությունների նախագահներն ընտրվում են ստացած քվեների առավելությամբ, որից հետո նրաց վարկանիշն սկսում է վերուվար անել ու երերալ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնն, օրինակ, այս տարվա մայիսին երկրի ղեկավար դարձավ 65%-անոց վարկանիշով, բայց անմիջապես էլ նրա քաղաքականությանը հավանություն տվողների թիվն սկսեց կտրուկ նվազել:

Տարեվերջը, սակայն, Ֆրանսուա Մակրոնի և նրա վարչապետ Էդուարդ Ֆիլիպի համար շատ խրախուսական է` վիճակագրությունը փաստել է, որ մեծապես ավելացել է նրանցից գոհ ընտրողների քանակը:

Այս մասին են վկայում Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի (Ifop) տվյալները (հրապարակել է Journal du dimanche-ը): Դեկտեմբերին Մակրոնին ցուցաբերվող աջակցության մակարդակը միանգամից 6 կետով բարձրացել է և հասել 52%-ի: Նրա կողմնակիցների 6%-ը հայտարարել է, թե նախագահի գործունեությունից շատ գոհ են: Մինչդեռ նախագահ դառնալու հաջորդ ամսին Մակրոնի վարկանիշը իջել էր մինչև 54%-ի և շարունակում էր կտրում նվազել, իսկ այժմ արդեն նրանից դարձյալ գոհ է ընտրողների կեսից ավելին:

Համեմատությունների հակված վարկանիշային տվյալներն արձանագրում են, որ Մակրոնի նախորդ Ֆրանսուա Օլանդը նախագահ ընտրվելու տարվա վերջին ընդամենը 37% վարկանիշ ուներ: Թե Ֆրանսիայի նախագահի հատկապես ո՞ր գործերն են  ֆրանսիացիներին համոզել, որ նրա մասին իրենց կարծիքները փոխեն և վերստին սկսեն վստահել` չի մանրամասնվում:

Ցանկացած տարեվերջի, սակայն, պետությունների ղեկավարներն ու կառավարություններն ստիպված են լինում հաշիվ տալ տարվա ընթացքում կատարած գործերի մասին: Ցավալին միայն այն է, որ նրանցից շատերին գործունեության է մղում մեկ սևեռուն միտք` ինչպես ներկայանա, որ ընտրողն իրենից գոհ մնա և հաջորդ ընտրարշավին ամենալավն իրեն համարի: Որպեսզի քվե տա:

Քվեների հետևից այս վարկանիշավազքը, որը հատկապես ակնառու է ժողովրդավարականի համարում ունեցող պետություններում, կարծես իրեն լիովին սպառել է: Նրանք, ում առաջխաղացումը պայմանավորված է ընտրություններով, իրենց պետության, տարածաշրջանի, աշխարհամասի, մոլորակի բարօրությանը հետևելու փոխարեն սկսում են զննել վարկանիշային կորի վայրիվերումները և դրան համապատասխան քայլեր անել: Իսկ կորի վերընթաց հատվածներում մեծ մասամբ իրենց ամբոխահաճո գործունեությունն է ամրագրված լինում… Մնում է պարզել, թե դա որքանո՞վ է մեղմում այսօրվա աշխարհի վտանգները: