Ռոբոտալրագրություն. նոր հնարավորությո՞ւն, թե՞…

Մեր օրերում որևէ մեկին կզարմացնի՞, որ արհեստական մտածողությամբ օժտված սարքերն արդեն լրագրային հոդվածներ են գրում: Մարդկությունը, թերևս, նման նորություններն արդեն ընկալում է որպես ակնկալվող հերթական նորամուծություն: Դե, իսկ մեր օրերում, երբ սոցցանցերի ցանկացած օգտատեր ինքնին արդեն լրագրող է` եթե թեկուզ մեկ ինքնուրույն «ստատուս» կամ մեկնաբանություն է գրել, ապա պարզ է, թե այս ոլորտի «ռոբոտացումը» որքան շատերին կհետաքրքրի:

Ահա և հերթը հասել է լրագրողական աշխատանքի «ռոբոտացմանը» (տեղեկացրել է «Ֆայնենշլ թայմսը»): Ըստ լրատվամիջոցի` բրիտանական թերթերն սկսել են այնպիսի հոդվածներ հրապարակել, որոնք գրվել են  RADAR (The Reporters and Data Robots) ծրագրային ապահովման օգնությամբ: Սա մի ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում նյութի պատրաստման հոգնեցուցիչ մասը փոխանցել ռոբոտին:

Նոյեմբերի վերջին մեկնարկած այս ծրագիրը բրիտանական Press Association լրատվական գործակալության և Google-ի Urbs Media թողարկման նախաձեռնությունն է: Նոր ծրագրի առավելությունն այն է, որ հնարավոր է դարձնում մարդկանց գրած հոդվածներում ներառել ռոբոտի հավաքած վիճակագրությունը և տարբեր տվյալներ: Ռոբոտը վերահսկում է հրահանգված տեղեկատվական դաշտը` այդպիսով լրագրողներին հնարավորություն տալով զբաղվելու այլ խնդիրներով և աշխատանքն առավել արդյունավետ դարձնելով: Հաղորդվում է, որ փորձարկման փուլի շրջանակներում արդեն 20 նյութ է հրապարակվել:

Եթե այս ծրագիրը հաջողություն ունենա, կասկածից վեր է, որ շուտով բոլորի հեռախոսների և համակարգիչների գլխավոր բաղադրիչը կդառնա: Չէ՞ որ այն կարող է ծառայել ոչ միայն լրատվությանը, այլև գիտությանը, առողջապահությանը, արդարադատությանը` բոլորին:
Միայն թե շատ կարևոր է, որ դրա նախաձեռնողները հաշվի առած լինեն նաև «վիճակագրությունների և տարբեր տվյալների» տեքստեր ներթափանցած անճշտությունները, կեղծիքներն ու դիտավորյալ խեղաթյուրումները գտնելու և շտկելու ունակությունը: Այդ ժամանակ երևի թե' ԶԼՄ-ներին կհավատան, թե' համարձակորեն բժշկի կամ իրավաբանի կդիմեն: Եթե, իհարկե, հնարամիտ մարդը չգտնի ծրագրի այդ ունակությունները շրջանցելու «ուղիղ ճանապարհը»:

Այսօր մարդկանց համար հոդվածներ են «գրում» ռոբոտները: Իսկ գուցե նաև հեռու չեն այն ժամանակները, երբ ռոբոտների գրածները ռոբոտներն էլ ընթերցելո՞ւ են: Հետաքրիր է` ի՞նչ թեմաներ նրանց կհետաքրքրեն ու ինչպե՞ս կարձագանքեն: