Թրամփի նվաճողական հեռանկարում Լուսինն ու Մարսն են

Երկիր մոլորակի վրա բոլոր կարևոր հարցերը կարգավորելուց հետո, ԱՄՆ նախագահ Թրամփը որոշել է իր անգնահատելի գործունեության ոլորտում ներառել նաև  Լուսինն ու Մարսը: Նա մտադիր է ստորագրել «Տիեզերական քաղաքականության վերբերյալ» թիվ 1 հրահանգը՝ ՆԱՍԱ-ին հանձնարարելով մշակել «տիեզերքի յուրացման նորարարական ծրագիր», որպեսզի տիեզերագնացները դարձյալ Լուսին թռչեն, իսկ վերջում՝ նաև Մարս: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Գիդլին:
 
- Նա տիեզերական թռիչքների ոլորտում մեր երկրի քաղաքականությունը կփոխի, որպեսզի Ամերիկային օգնի տիեզերական ոլորտում շարժիչ ուժ դառնալ, տիեզերքից նոր գիտելիքներ քաղել և զարմանահրաշ տեխնոլոգիաներ ստեղծել,- ասել է Թրամփի աշխատակազմի ներկայացուցիչը:
 
Ինչպես «Ավանգարդն» արդեն գրել է՝ նոյեմբերի վերջին Ճապոնիան հայտարարեց, թե Լուսին թռչելու ծրագիր է մշակում, որը նախատեսվում է իրականացնել 2020թ.: Ընդ որում, նաև նշվել էր, որ ծրագիրն իրականացվում է ՆԱՍԱ-ի՝ ամերիկյան հանրահայտ ավիատիեզերական գործակալության և առաջատար ուրիշ նմանատիպ գործակալությունների համագործակցության շրջանակում և նպատակ ունի Լուսնի ուղեծրին մոտ մոդուլային բնակելի միջավայր ստեղծել և ապահովել մարդու ներկայությունը Լուսնի ուղեծրում:
 
Եթե ճապոնական ծրագիրը ՆԱՍԱ-ի հետ համագործակցություն է, այդ դեպքում ի՞նչ է նշանակում Թրամփի ներկայացուցչի հայտարարությունը: Սա մրցակցություն է ճապոնիայի հե՞տ, թե՞ համագործակցությունն ընդլայնելու, տիեզերքը միասնաբար նվաճելու առաջարկ: Կամ գուցե Լուսնի հարցում Ճապոնիայի հետ համագործակցելով՝ ԱՄՆ-ը որոշել է նրանից առաջ անցնել և Մա՞րսն «իրենով անել»:  
 
Ամերիկյան աշխարհամասում հայտնված եվրոպացիները, ո՞վ չգիտի՝ ոչ միայն ոչնչացրին այնտեղ ստեղծված քաղաքակրթությունն ու գրեթե բնաջինջ արեցին բնիկներին, այլև ստրկավաճառների նավերով ակոսեցին Աֆրիկայի ափամերձ ջրերն ու ամերիկյան պլանտացիաներ տարան իրենց բնական միջավայրում ապրող անթիվ-անհամար աֆրիկացիների: Դա հիմնովին փոխեց երկու աշխարհամասերի ժողովրդագրական դեմքը, քաղաքակրթության ուղղվածությունը, զարգացման հեռանկարները: Բայց դա նաև այնպիսի չարիք էր, որի հետևանքներն այսօր նույն Եվրոպան է «վայելում»՝ հին աշխարհամասը ողողած թխամաշկ ու այլադավան մարդկային զանգվածների տեսքով: 
 
Ու հիմա թիվ 1 ամերիկացին որոշել է նախ «վերադառնալ» Լուսին (1969թ. ի վեր՝ առաջին անգամ), հետո էլ մուտք գործել Մարս: Սակայն սարսափելի է անգամ մտածել, թե դա ինչ փոփոխություններով է սպառնում Արեգակնային համակարգությանը, և որքան հեռուն կգնան դրա հետևանքները: