Գերմանիան հիմա էլ Հյուսիսային Կովկասի ներգաղթյալներից է զգուշանում

Սիրիայում և Իրաքում մարդասպանության վարժված իսլամիստներն այնտեղ այլևս անելիք չունեն, ու հիմա սպառնալիք են դառնում մնացած աշխարհի համար: Նման վտանգ արձանագրել է գերմանական հետախուզությունը: Այդ երկրի իշխանություններին անհանգստացնում է, որ Հյուսիսային Կովկասից ներգաղթը կարող է Գերմանիա բերել Սիրիայի և Իրաքի մարտերին մասնակցած գրոհայինների:

Բեռլինում այդ մասին խոսել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս Գեորգ Մասենը (հաղորդել է DPA-ն): Նրա խոսքով` Հյուսիսասյին Կովկասի ծայրահեղականները հավանաբար մասնակցել են Սիրիայի և Իրաքի կռիվներին, և մարտերում կոփվելով` մեծ սպառնալիք են ներկայացնում: Իսկ նրանք, ըստ պաշտոնյայի, 500 հոգի են:

Վերջերս լուր տարածվեց, թե Գերմանիան պատրաստ է ներգաղթյալներին վճարել, որպեսզի նրանք իրենց երկրներ վերադառնան: Երևում է` սա այնքան էլ գործուն ծրագիր չէ: Նախ, որովհետև մի հնարով Գերմանիայի պես ապահով երկիր հասածն ի՞նչ հույսերով է վերադառնալու մի վայր, որտեղից գուցե մազապուրծ փախել է: Հետո էլ, ներգաղթյալներից շատերը նպատակ ունեն փոխել Եվրոպայի ժողովրդագրական դեմքը և դրան իսլամաասիական գունավորում տալ: Եվ երրորդ` Եվրոպա գնում են նաև վերը նշված իսլամիստները, որոնց միակ նպատակը, կարելի է ասել, այլահավատների հաշվին հոգիներում բուն դրած արյան ծարավը հագեցնելն է:

Հիշենք, թե ինչպես էին նույն հուսիսկովկասցիները (չեչեններ և այլն) Արցախ գալիս` կռվելու վախկոտ (իրենց բնորոշումն է) ադրբեջանցիների կողմից ու թե ինչպես մի լավ դաս առնելով` մեր ռազմաճակատներից պոչները քաշեցին: Խաղաղ բնակչության մեջ ծպտված իսլամիստների դեմ պայքարելը, անշուշտ, շատ ավելի ծանր խնդիր է, և Գերմանիայի ու եվրոպական մյուս պետությունների մտահոգությունը արդեն պարզապես ուշացած է: Որովհետև եթե մի կարգին վերլուծություն անել կարողանային, դեռևս 90-ականներից հետևություններ կանեին, թե նման վարքագծի տեր մարդիկ  վաղը ինչ սպառնալիք են դառնալու հենց իրենց համար: Այդ դեպքում միայն քաղաքական որոշումներ կայացնելիս` իրողություններին համարժեք կգործեին: