Ծակգրպան հեղափոխականները

«Պերմանենտ» մայդաններով գոյատևող Ուկրաինայում որոշել են պարզել, թե Եվրոպայում իրենց համաքաղաքացիներից ցածր աշխատավարձերով գոյատևող երկիր կա՞: Եվ պարզվել է` չկա:

Ու հիմա Յանուկովիչին մայդանախեղդ անելուց, նրա փոխարեն մեծահարուստ Պորոշենկոյին գլխներին նստեցնելուց ցանկալի արդյունքին չահասնելով` հույսները դրել են նոր մայդանի ու Վրաստանի նախկին նախագահ, համաշխարհային մակարդակով «հեղափոխության մրրկահավ» Միշայի վրա: Եվ այնպես համոզված են Պորոշենկոյի հրաժարականը պահանջում, ասես ոչ մի կասկած չունեն, որ եթե նրա փոխարեն Սաակաշվիլին գա, աշխատավարձերի վարկանշային ցուցակում Ուկրաինայի անունն ամենանպաստավոր դիրքում է լինելու:

Ուկրաինացի փորձագետները վարկանիշային աղյուսակը կազմելիս հիմնվել են երկրներում միջին ամսական մաքուր աշխատավարձի ցուցանիշների վրա: Պարզվել է` 24 երկրների թվում Ուկրաինան ամենացածր ցուցանիշն ունի` 190 եվրո: Նրանից մի փոքր բարձր է Մոլդովայի ցուցանիշը` 216 եվրո, այնուհետև գալիս է նավթային «գերտերություն» Ադրբեջանը` 232 եվրո:

Ուկրաինացիների կազմած այս ցանկում Հայաստանը դարձյալ Ադրբեջանի հարևանն է` առավել նպաստավոր դիրքում: Այստեղ մաքուր աշխատավարձի միջին ցուցանիշը 251 եվրոն է: Հատկանշական է, որ ամենացածր եկամուտ ունեցողները հիմնականում հետխորհրդային կամ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներ են: Այսպես, Հայաստանից հետո հերթականությամբ գալիս են Վրաստանը (293) եվրո, Բելառուսը (320 եվրո), Ղազախստանը (346 եվրո), Ալբանիան (347 եվրո), Մակեդոնիան (379 եվրո), Սերբիան (396 եվրո):
Ամենաշատ միջին աշխատավարձն ապահովում է Շվեցարիան` 4421 եվրո, նրանից մի փոքր «աղքատ» է Իսլանդիան (3440), այնուհետև` Նորվեգիան (3405 եվրո):

Հետաքրքիր է, որևէ մեկը վիճակագրություն կազմե՞լ է, թե գունավոր հեղափոխություններ բոցավառած երկրներում ինչքա՞ն է բարելավվել բնակչության կյանքը, որքանո՞վ են ավելացել եկամուտներն ու բարեկեցությունը, ի՞նչ դրախտ են դարձել այդ երկրները: Ուկրաինացիները պիտի որ արդեն բավարար փորձ ունենան` Սաակաշվիլու կոչերով նոր մայդան սարքելուց առաջ մի այսպիսի վիճակագրություն կազմեն: