Նոր «Բրուտոս»` Ռուսաստանի համար

Այսպես կոչված սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո Եվրոպայում առաջացած բազմաթիվ մանր պետությունները խնդիր ունեին անկախանալ նախ և առաջ ԽՍՀՄ, իսկ ավելի ճշգրիտ` Ռուսաստանի ազդեցությունից: Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների ընդհանուր բնակչության մեծամասնությունը, ըստ էության, սլավոնական ծագում ունեցող ժողովուրդներ էին: Զարմանալ կարելի է, բայց այսօր իրենց սլավոններ համարող ազգերի ու պետությունների մեծ մասը (եթե չասենք՝ բոլորը) դուրս է եկել Ռուսաստանի դեմ:

Ճիշտ է, ՌԴ քաղաքացիները պարծենում են, թե իրենց երկիրը հզոր կայսրություն է, կրոնական ու էթնիկ բազմազանությամբ հսկա տարածք, սակայն իրեն սլավոնական աշխարհի պատվար է համարում: Այդուհանդերձ, սլավոնական աշխարհը նրանից պոկվում է` չթաքցնելով ատելությունը: Ատելություն բորբոքողներն էլ չեն թաքցնում իրենց նպատակները:

-Խոսքը պարզապես 650 հազ. բնակչություն ունեցող պետությանը ընդունելու կամ մերժելու մասին չէ: Սա մի լրացուցիչ ստուգում է, որը պետք է պարզի, թե պատրա՞ստ ենք արդյոք այսուհետ ևս դիմակայելու Վլադիմիր Պուտինին,-անթաքույց խոստովանել է սենատի անդամ Ջոն Մաքքեյնը:

Մեկ այլ սենատոր` Լինդսի Գրեհեմն էլ Չեռնոգորիայի այդ քայլը հետևյալ կերպ է մեկնաբանել.

-Չեռնոգորիան այժմ անում է այն, ինչն այդքան ատում է Պուտինը: Դաշինքի մեջ միավորվող ժողովրդավական երկրները նրա համար իսկական մղձավանջ են:

Ինչպես որ ԽՍՀՄ-ն էր ժամանակին իր ծավալապաշտությունը հիմնավորում «սոցիալիզմի վեհ գաղափարներով» և դրանից էլ կործանվեց, այժմ էլ Արևմուտքն է փորձում իր ժողովրդավարությունն առաջ մղել` գուցե հույսը դրած աշխարհի կարճ հիշողության կամ փաստերը վերլուծելու անկարողության վրա: Ու մինչ աշխարհի հզորները մանր-մունր պետություններին օգտագործում են միմյանց կյանքը մղձավանջ դարձնելու համար, համակ մղձավանջ են դարձնում բոլորի կյանքը:

Իսկ Չեռնոգորիայի հայտը երևի Ռուսաստանում մի նոր առիթ է դարձել` հնչեցնելու Կեսարի թևավոր դարձած խոսքը՝  «Եվ դո՞ւ, Բրուտո՛ս»: